Մենք՝ դատավորներս, սովոր ենք ճնշման պայմաններում աշխատել. Երվանդ Խունդկարյանը պատասխանել է լրագրողների հարցերին
Քոչարյանի գործ, անցումային արդարադատություն, դատավորների սոցիալական երաշխիքներ. օրվա ամենասուր հարցերին պատասխանել է ՀՀ դատավորների միության նախագահ, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը
-Պարո՛ն Խունդկարյան, Դատախազությունը վճռաբեկ բողոք էր ներկայացրել՝ պահանջելով բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելի ճանաչելու վերաբերյալ, և օրինական ուժ տալ առաջին ատյանի դատարանի որոշմանը: Վճռաբեկի որոշմամբ՝ Դատախազության բողոքը բավարարվում է մասնակի, բայց ո՞րն է այստեղ մասնակին, եթե որևէ մեկը չի արվել, ըստ էության:
-Եթե նախկինում Վճռաբեկ դատարանի նախագահը` չհանդիսանալով որևէ պալատի դատավոր, ըստ էության կարող էր մասնակցություն ունենալ
թե՛ Քրեական պալատի, թե՛ Քաղաքացիական ու Վարչական պալատի նիստերին, ապա ներկայում՝ ապրիլի իննից հետո կատարված փոփոխությունների համաձայն, Դատական օրենսգիրքը սահմանում է, որ Վճռաբեկ դատարանի նախագահը կարող է հանդիսանալ որևէ կոնկրետ պալատի դատավոր:
Ներկա դրությամբ ես Քաղաքացիական ու Վարչական պալատի դատավոր եմ և, դրանով հանդերձ, արդարացված է իմ տեղեկացված չլինելը բոլոր մանրամասներին, թե ինչու Քրեական պալատի որոշումն այդ տեսքով է:
-Վճռաբեկ բողոքի վերաբերյալ որոշումը ,երբ ուղարկվեց Վերաքննիչ դատարան, սեղմ ժամկետներում սկսվեց բողոքի քննությունը Վերաքննիչ դատարանում: Մեկնաբանվում է, որ առջևում խորհրդարանական ընտրություններ են և Վերաքննիչ դատարանն արագ անցել է բողոքի քննությանը: Կա՞ն այլ բողոքներ, որ 15-օրյա ժամկետում քննվել են:
-Ես վիճակագրական տվյալների չեմ տիրապետում, որ ասեմ՝ այդպիսի նիստերը արագ են նշանակվում, թե ոչ, բայց միջդատական վարույթի գործերն ավելի արագ տեմպերով պետք է քննվեն, քան մայր քրեական գործերը: Դատավորն անկախ է բոլոր պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից ու պրոցեսներից, այդ թվում՝ քաղաքական:
- Ասացիք, որ դատավորներն ինքնուրույն են կայացնում որոշումները, իրենց լիազորությունների շրջանակներում, բայց վիճակագրություն կա կոնկրետ ՄԻԵԴ-ից եկած, որ Հայաստանում ամենաշատն արդար դատաքննության իրավունքն է խախտվում: Այդ պրակտիկան, որ նույնը չկրկնվի և այլն, այդքան անկաշկանդ գործելու հետևանքը կարծես թե չի համընկնում վիճակագրությանը, օրինակ, այդ մասով:
-Որպեսզի մենք կապը տանք, թե դատավորների կաշկանդված լինելն էր բերել արդար դատաքննության իրավունքի խախտման, մենք պետք է լուրջ վերլուծության ենթարկենք Եվրոպական դատարանի բոլոր որոշումները: Ես կդժվարանամ գտնել Եվրոպական դատարանի կայացրած որևէ ակտ, որտեղ ասվում է, որ դատավորն իր որոշումը կայացրել է կաշկանդվածության պայմաններում կամ կա այլ նշում դատավորի մասին:
-ՄԻԵԴ-ում նման մեկ վճիռ կար, միջամտություն կար, որում անդրադարձ կար Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանին, դա բացառիկ էր, բայց ոչինչ չփոխեց:
-Թույլ տվեք ընդամենը դիրքորոշում հայտնել, որ Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը, թե՛ նախկինը և թե՛ գործողը, դատավորին պարտավորեցնում է միջոցներ ձեռնարկել կողմերին հաշտեցնելու ուղղությամբ: Յուրաքանչյուր դատավորի համար ամենաբարդ լուծումը կողմերին հաշտեցնելն է, որպեսզի դատավորն ի վիճակի լինի կողմերին հաշտեցնելու, դատավորը պետք է գործի նրբություններն իմանա իդեալական կերպով: Ես չեմ ցանկանում որևէ գնահատական տալ, թե ինչ էր ասվել Եվրոպական դատարանի դատական ակտում, ընդամենն ուզում եմ փաստել, որ ես չեմ բացառում, որ պարոն Մկրտումյանի կողմից դատական նիստի ընթացքում հենց այդ պարտականությունն էլ կատարում էր:
-Պարոն Խունդկարյան, Հայաստանում իշխանափոխությունից հետո հաճախ հնչում է կարծիք, որ անհրաժեշտ է ներդնել անցումային արդարադատություն։ Ինչ կասեք, որն է սրա օգուտները, դատական համակարգի վրա ինչ ազդեցություն կարող է այն ունենալ։ Ու հատկապես հնչեղ գործերով հնարավոր է, որ օգներ այն դատական համակարգին։
- Ճիշտ եք, շատ է խոսվում անցումային արդարադատության մասին, բայց կարող եմ ասել, որ անցումային արդարադատություն տերմինն է հանրությանը շփոթության մեջ դնում, քանի որ օգտագործվում է «արդարադատություն» արտահայտությունը։ Այդ գործընթացի հասցեատերը միայն դատարանները չեն, քանի որ գործընթացը վերաբերում է նախաքննությունից մինչև դատական ատյաններ։ Այսինքն, եթե մենք չունենք վստահություն կամ ունենք կասկածներ նախաքննության նկատմամբ, նախաքննության վրա հսկողություն իրականացնող դատախազության նկատմամբ և այդպես շարունակ, այդ հիմքով է, որ առաջարկվում է ստեղծել վստահություն վայելող մարմիններ, որոնց կողմից իրականացվող գործընթացը հանրության կողմից ավելի ընկալելի ու ընդունելի կլինի։ Բայց ասեմ, որ մեր դատական ատյանները կամ դատական համակարգն ի վիճակի չէ այդ խնդիրները լուծել, այդպես չէ, քանի որ այդպիսին չի այսօր մեր դատական գործերի վիճակագրությունը։ Ասել, որ մեր համակարգը չի աշխատում և խնդիր կա այլ մարմինների ձևավորման, ես այդ կարծիքը չունեմ։ Առավել ևս, ցանկացած մարմին ստեղծելիս մենք պետք է տեղավորվենք սահմանադրության պահանջների մեջ։ Այսինքն, եթե նույնիսկ օրենսդրական այնպիսի մոտեցում լինի, որ օրենսդիրը տեսնում է հատուկ մասնագիտացած դատարանի ստեղծում, այո, սահմանադրությունը մեզ այդ հնարավորությունը տալիս է։ Իսկ թե այդ մասնագիտացած դատարաններն ինչ գործեր կքննեն, ևս օրենսդիրի որոշելիքն է։ Անցումային արդարադատության ներդրումն էլ իրականացվում է այն դեպքերում, երբ արդարադատական մարմինները ի վիճակի չեն որևէ աշխատանք անելու։ Այդպիսի իրավիճակ մեր երկրում չկա։
-Պարո՛ն Խունդկարյան, անցումային արդարադատություն իրականացվել է, օրինակ, Գերմանիայում՝ Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո: Մենք ունե՞նք նման անհրաժեշտություն, գուցե հիմա քիչ են գործերը, և հնարավոր է քննել, հետագայում այլ իրավիճակ կարող է ստեղծվել:
-Հիմա էլ մեր գործերը շատ են՝ համեմատած այլ երկրների հետ, չափազանց շատ են: Կա հիմնավորված միջին վիճակագրական չափանիշ, թե որքան գործ է դատավորն ի վիճակի քննելու և ավարտելու ամսական կտրվածքով, դա ամսական 16 գործն է, իսկ մեզ մոտ, օրինակ, քաղաքացիական գործ քննող դատավորները տարեկան ստանում են 1500-ին մոտ գործ: Իսկ անցումային արդարադատության ներդրումն էլ իրականացվում է այն դեպքերում, երբ արդարադատական մարմիններն ի վիճակի չեն արդարադատություն իրականացնելու, այդպիսի իրավիճակ մեր երկրում առկա չէ:
-Դատավորների անկախության մասին շատ է խոսվում, որ, օրինակ, Բաղրամյան 26-ից այլևս զանգեր չեն ստանում, նման իրավիճակ չկա, բայց տեսե՛ք՝ նույն Ռոբերտ Քոչարյանի կալանքին եմ ուզում անդրադառնալ, երբ Վերաքննիչ դատարանի դատավոր Ազարյանը անձեռնմխելիության հիմքով նրան ազատ արձակեց կալանքից, դրան հաջորդող հանրահավաքին՝ օգոստոսի 17-ին, հրապարակում ՀՀ վարչապետ Փաշինյանը, խոսքն ուղղելով դատավորներին, ասաց՝ խելքներդ գլուխներդ հավաքեք, և բոլորը հասկացան, թե խոսքն ում էր ուղղված: Սա արդյոք ճնշում չէ՞ դատավորի նկատմամբ և սա ճնշում չէ՞ դատական համակարգի նկատմամբ:
-Դատավորն ինքը պետք է ի վիճակի լինի դիմակայել ցանկացած ճնշման, այդ թվում նաև հանրային ճնշումներին, մամուլում արված թաքնված ճնշումներին, և մենք՝ դատավորներս, սովոր ենք այդ պայմաններում աշխատել: Բոլոր պաշտոնատար անձինք, այդ թվում նաև դատավորները իրենց գործողություններն այնպես պետք է դասավորեն, որ իրենց վարքագծով է՛լ ավելի ամրապնդեն դատական իշխանության անկախությունը: Հավատացած եղե՛ք մի բանում. դատավորներն իրենց գործն անում են օրենքի ու Սահմանադրության շրջանակներում, ուղղակի նրանք շատ ավելի քննադատվում են, քան կարող են պայքարել այդ քննադատությունների դեմ:
-«Մարտի 1-ի» գործով արդեն վճիռներ կան կայացված, հիմա կրկին նախաքննություն է և նոր հանգամանքներ են ի հայտ գալիս, ինչպե՞ս է սա լինելու, այսպես ասած, իրավիճակ է փոխվել: Արդյոք հակասություններ չե՞ն առաջանալու դեռ կայացվելիք և նախկինում կայացված վճիռների միջև, նույն դատավորների վարույթ չե՞ն ընդունվելու, ինչպե՞ս է սա կարգավորվելու:
- Չկոնկրետացնելով որևէ գործ՝ ես ներկայացնեմ հետևյալը. մեր օրենսդրությունը նոր հանգամանք է դիտում ՄԻԵԴ-ի դատական այն ակտերը, որոնցով արձանագրվել է կոնվենցիոն խախտում, մեր օրենսդրությունը նոր հանգամանք է դիտում նաև ՍԴ-ի դատական ակտերը, եթե Սահմանադրական դատարանն իր որոշմամբ արձանագրել է նորմի հակասահմանադրական լինելը կամ նորմի այլ բովանդակությամբ դատարանների կողմից կիրառվելը: Այսինքն՝ մենք ունենք համապատասխան գործիքը՝ դա նոր հանգամանքի հիմքով դատական գործերի վերաբացումն է, և աշխարհի որևէ երկիր չի կարող վստահ լինել, որ իր երկրում դատական սխալներ տեղի չեն ունենում:
-Բայց Հայաստանը մի փոքր վստահ է, օրինակ, ցմահների գործերը չեն վերաբացվում, բոլորովին վերջերս է մեկ ցմահ ազատ արձակվել, միայն մեկը՝ Կարեն Օգանեսյանը, իսկ Սողոմոն Քոչարյանը առողջական խնդիր ուներ և ազատ արձակվելուց մի քանի օր անց մահացավ:
-Քրեական արդարադատության դաշտում որևէ դատողություն անելու ցանկություն չունեմ, դա ճիշտ չի լինի, որովհետև դա իմ մասնագիտացման ոլորտը չէ:
-Ճի՞շտ է, որ վիճակահանությամբ է որոշվում, թե աղմկահարույց գործերն ում վարույթ են ընդունվելու:
-Ես չեմ կարող ասել, թե վիճակահանությամբ է որոշվում, թե չէ, որովհետև ի պաշտոնե յուրաքանչյուր դատարանի մակագրության պրոցեսին ես չեմ կարող խառնվել: Բացի դրանից, մեզ մոտ ներդրված է էլեկտրոնային մակագրության ինստիտուտը, որպես կանոն գործերի մակագրությունը տեղի է ունենում էլեկտրոնային եղանակով, և այդ մեխանիզմները սահմանվել են Բարձրագույն դատական խորհրդի կողմից, այդուհանդերձ դրանք ենթադրում են որոշակի ծրագրերի ստեղծում, որպեսզի հնարավոր լինի այդ էլեկտրոնային մակագրությունը ամբողջությամբ ներդնել այնտեղ, որտեղ դա ներդրված չէ, գուցե նաև տեղի ունենա վիճակահանություն:
- Վերջերս Հայաստանը վավերացրեց Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրությունը, որը հնարավորություն է տալիս դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ խորհրդատվական կարծիքի համար։ Արդյո՞ք հնարավոր չէր հենց այս գործով, որը կարող է փորձաքար լինել դատական համակարգի համար, դիմել խորհրդատվական կարծիքի համար, քանի որ ինչպես հայտնում են գործով պաշտպանները, ելնելով գործի ելքից, պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
- Իրավացի եք, 2018թ․-ին ՀՀ-ում ուժի մեջ մտավ 16-րդ արձանագրությունը, որը հնարավորություն է տալիս բարձրագույն դատական ատյաններին համապատասխան հարցում կատարել կոնկրետ գործերի քննության հետ կապված ՄԻԵԴ։ Այսինքն եթե դատարանի, դատավորի կարծիքով վեր է հանվել մի խնդիր, որը, իր կարծիքով, հակասության մեջ է մտնում կոնվենցիոն նորմերի հետ, որպեսզի այդ սխալներն անընդհատ չկրկնվեն, շատ դրական քայլ էր, որ հնարավորություն ընձեռնվեց դատավորներին կոնկրետ հարցումներ ուղարկել ՄԻԵԴ։ Իհարկե, ՄԻԵԴ-ի կարծիքը դատավորի համար կաշկանդող չէ, ընդամենը խորհրդատվական բնույթի է, բայց որպեսզի դատավորը կամ դատարանը նման հարցում ուղարկի, դատարանի մոտ պետք է համոզմունք առաջանա, որ այդ նորմերի կիրառման տեսանկյունից որոշակի մրցակցություն ու հակասություն կա ներպետական օրենսդրության ու միջազգային կոնվենցիոն նորմերի միջև։Եթե դատավորը դա չի տեսել, ապա նա պարտավոր էլ չի նման բնույթի հարցադրումներ ուղարկել։ Մեր դատավարական օրենսգրքերը նույնպիսի իրավիճակ նախատեսում են նաև Սահմանադրական դատարան դիմելու պարագայում։ Որպեսզի դատավորը դիմի Սահմանադրական դատարան, դատավորի մոտ պետք է հարց առաջանա՝ արդյո՞ք իր կողմից կիրառվող նորմը հակասում է սահմանադրությանը թե ոչ։ Վերաքննիչ ու առաջին ատյանի դատարանի իրար հակասող դատական ակտերից չենք կարող կատեգորիկ ենթադրել, որ նորմն իր մեջ պարունակում է հակասահմանադրականություն։Ես նույնիսկ ԱԺ-ում իմ ելույթի ժամանակ ասել եմ, որ բնական եմ համարում, երբ տարբեր ատյանի դատավորները տարբեր ձև են մտածում։Մենք ոչ թե պետք է սա ծանր տանենք, այլ ընդհակառակը, պետք է ողջունենք։ Եվ այս հակասական մեկնաբանություններն են, որ ստիպում են վճռաբեկ դատարանին, որպեսզի ստեղծի իր նախադեպային որոշումները։ Այնպես որ, մեր հասարակությունը չպետք է խուսափի ու խորշի, երբ տարբեր ատյանի դատարաններ տարբեր դիրքորոշումներ ունեն նույն հարցի վերաբերյալ։
- Պարոն Խունդկարյան անդրադառնանք Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներին, որի՝ ընդդեմ Հայաստանի կայացված վճիռների մի մասը օրենսդրական բացերի հետ է կապված, որը չի համապատասխանում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային։ Այս դեպքում վճռաբեկ դատարանը, որպես բարձրագույն ատյան, արդյո՞ք պետք է հետևի հենց միայն մեր օրենսդրությանը, թե նաև Կոնվենցիային՝ հաշվի առնելով, որ գործի քննությունը կարող է հանգեցնել ընդդեմ Հայաստանի ևս մեկ վճռի։
-Կոնվենցիոն նորմերի կիրառման տեսանկյունից վճռաբեկ դատարանը որևէ կաշկանդվածություն չունի։Այո, վճռաբեկ դատարանը շատ դեպքերում օրենքի բացերը լուծում է հենց Կոնվենցիոն նորմերի անմիջական կիրառման շնորհիվ։ Եվ իր նախադեպային որոշմամբ, կարելի է չակերտավոր ասել, որ ուղղություն է տալիս դատարաններին, որ այս բացը հաղթահարելի է այս եղանակով։ Բայց լինում են նաև այլ իրավիճակներ։ Այսպիսի օրինակ, անձին բարոյական վնասի հատուցման առջև կանգնեցնելը։ Մեր օրենսդրության մեջ կիրառվում է ոչ նյութական վնաս հասկացությունը, բայց ժամանակին քաղաքացիական օրենսդրությունը չէր տեսնում ոչ նյութական վնասի հատուցման հնարավորություն։ Նույնը, մենք ունեինք սահմանադրական նորմ, որն ասում էր, անձին պատասխանատվության կարող ես ենթարկել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով։ Մենք ոչ նյութական վնասի հատուցման դեպք օրենսդրությունում չէինք նախատեսել։ Ուստիև, եթե կոնվենցիոն նորմի կիրառմամբ, որ այո բարոյական վնասը կարող է հատուցվել հոգեկան տառապանքի մասով, բայց մենք չէինք կարող կիրառել, քանի որ մենք կխախտեինք սահմանադրությունը։
Այսինքն սա այն բացն էր, որ նախադեպով հաղթահարելի չէր, դրա համար մենք ունեցանք օրենսդրական փոփոխություններ։ Բայց այն բացերը, որոնք հակասության մեջ չեն սահմանադրության հետ, վճռաբեկ դատարանը կարողանում է դրա լուծումները տալ, բայց մեկ դեպքում․ վճռաբեկ դատարանը որպեսզի իր խոսքը կարողանա ասել, վճռաբեկ դատարան պետք է հասնի նորմալ ձևակերպված վճռաբեկ բողոքներ, որն իր էությամբ այնպիսին լինի, որ վճռաբեկ դատարանի դատավորների մոտ համոզմունք առաջացնի, որ բողոքը ենթակա է վարույթ ընդունման։ Մենք շատ անգամ կարող ենք գործում տեսնել խնդիրներ, բայց ի վիճակի չլինենք դա հաղթահարել կամ շտկել, քանի որ բողոքում այդպիսի հիմքեր չունենք։
-Հայաստանում բավական մեծ է հետաքրքրությունը ՄԻԵԴ վճիռների ու հատկապես դրանց արդյունքում պետության կողմից փոխհատուցվող գումարների չափերին։ Հասարակության մեջ կան կարծիքներ, որ այդ գումարները պետք է տրվի այն դատավորի կողմից, որի սխալի պատճառով արձանագրվել է այդ խախտումը։ Ի՞նչ կասեք այս մասին։
-Ոչ մի միջազգային փաստաթղթերով ընդունելի չէ որ դատավորն իր կողմից կատարված սխալի համար ենթարկվի նյութական պատասխանատվության։ Դա ամբողջ եվրոպական ընտանիքում անընդունելի մոտեցում է։Դատավորը կարող է պատասխանատվության ենթարկվել միայն ու միայն այն դեպքում, եթե կատարել է հանցավոր արարք, որն էլ հաստատվել է օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
- Անդրադառնանք դատավորների սոցիալական երաշխիքների նվազեցման նախաձեռնությանը, որին Դատավորների միությունը դեմ է արտահայտվել։ Արդյո՞ք սա չի բերում ընկալման, որ կամ պետք է պահպանվի դատավորների բարձր սոցիալական երաշխիքները, թոշակները, կամ դատավորների շրջանում կլինի կոռուպցիա։
-Ես մեկը մյուսի հետ չեմ կարող կապել։ Մենք խոսեցինք, որ դատավորի անկախության տեսանկյունից կարևոր է, որ դատավորը ներքին ու արտաքին աշխարհում ճնշումների, ազդեցությունների չենթարկվի։ Դատավորը լինի ազատ։ Մյուս կարևոր հանգամանքը դատավորների սոցիալական երաշխիքների ապահովումն է՝ աշխատավարձն է , թոշակն է։ Դատավորը պետք է համոզված լինի, որ իր այս շատ-շատ սահմանափակումներով կյանքը արդարացված է, քանի որ ապագայում նա ունենալու է ապահով ծերություն՝ կենսաթոշակի տեսքով։ Եվ դատավորների միությունն արձագանքեց գործադիր մարմնի մի թևի կողմից ներկայացված օրենքի նախագծին, որով փորձ էր արվում կտրուկ իջեցնել դատավորներին վճարվելիք կենսաթոշակները՝ սահմանելով կենսաթոշակի վերին շեմ, որը եթե մենք թվաբանական գործողություններով վերհանեինք, կստացվեր որ դատավոր կլիներ, որը 2 կամ 2,5 անգամ կկորցներ իր թոշակը։ Դատավորների կենսաթոշակի առումով մենք տարիներ ի վեր հետընթաց ենք ապրել։ Եթե նախկինում դատավորին կենսաթոշակ էր տրվում իր վերջին աշխատավարձի 70 տոկոսի սահմաններում, ապա այսօր դա դարձել է մոտ 49,5 տոկոս, որն էլ որոշակի իրավիճակում հաշվարկվում է ոչ թե այսօր դատավորի աշխատավարձով, այլ 2014թ․-ի հունիսի 1-ի դրությամբ ստացած աշխատավարձը։ Իսկ այն հարցին, թե դատավորների թոշակի ցածր լինելը բերում է նրան, որ կոռուպցիա լինի, դա անընդունելի մոտեցում է, քանի որ դատավորներն օրինապաշտ քաղաքացիներ են։ Այդ կոռուպցիոն երևույթները քրեորեն հետապնդելի արարքներ են։ Ես չեմ կարող նույնիսկ մտքում ունենալ, որ որևէ դատավոր այս նպատակով կոռուպցիայի մեջ է, բայց որպեսզի հանրության մոտ էլ այդ վերաբերմունքն առաջանա, այո, դրա համար պետք է դատավորին տալ բարձր աշխատավարձ, որ հանրության մոտ այն վստահությունը լինի, որ այսքան աշխատավարձ ստացող դատավորի մտքով չի անցնի երբեք այլ բաների մասին մտածել։
Հարցազրույցն անցկացվել է «ԶԼՄ-ների ու դատական իշխանության միջև հարաբերությունները․Եվրոպայի խորհրդի չափորոշիչները և անդամ պետությունների լավագույն փորձը» կլոր-սեղան քննարկման շրջանակներում։