• Armenian (hy-AM)
  • English (UK)
  • Russian (Russia)
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

  • Մեր մասին
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ
ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ

 
  • Գլխավոր >
  • Նորություններ >
  • Մեկս մյուսից վախենում ենք. «Դատավորների և լրագրողների փոխհարաբերությունները» կլոր-սեղան քննարկում՝ Երեւանում
05 Դկտ 2018

Մեկս մյուսից վախենում ենք. «Դատավորների և լրագրողների փոխհարաբերությունները» կլոր-սեղան քննարկում՝ Երեւանում

Լրագրողները դատավորների եւ հասարակության մեջտեղում են. հասարակությունը պատկերացում է կազմում դատական համակարգի մասին լրագրողների միջոցով: Այս մասին ասաց Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության՝ Իրավական համագործակցության վարչության Արդարադատության համակարգի բարեփոխումների բաժնի պետ Լիլիթ Դանեղյանը Երեւանում՝ դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած «Դատավորների և լրագրողների փոխհարաբերությունները» խորագրով կլոր սեղան-քննարկմանը:

Կոնգրես հյուրանոցում՝ մասնակից դատավորներն ու լրագրողները հնարավորություն ունեցան շփվելու, կոտրելու երկուստեք առաջացած կարծրատիպերն ու  փորձելու լուծումներ գտնել հարաբերությունները բարդացնող խնդիրներին: Եվրոպացի փորձագետ-դատավորներ՝ CCJE-ի փոխնախագահ, Սլովենիայի Գերագույն դատարանի դատավոր տկն. Նինա Բետետտոն եւ CCJE-ի Բյուրոյի անդամ, Շվեդիայի Գերագույն Վարչական դատարանի նախկին նախագահ պրն. Մաթս Մելինը ներկայացրին իրենց երկրների լավագույն փորձը:

 

Նինա Բետետտոն մեջբերեց Մարտին Լյութեր Քինգի խոսքը. «Մեզ չի հաջողվում համերաշխ ապրել, որովհետեւ մեկս մյուսից վախենում ենք: Մենք վախենում ենք, որովհետեւ չենք ճանաչում իրար: Իսկ չենք ճանաչում, որովհետեւ չենք հաղորդակցվում»:

Դատավորների եւ ԶԼՄ-ների հարաբերությունները արդիական թեմա է ԵԽ բոլոր պետություններում՝ ասաց Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար տկն. Նատալիա Վուտովան:

Նա գոհունակություն հայտնեց, որ քննարկման նախաձեռնությունը ՀՀ  դատավորների միությանն է:

Դատավորների միության նախագահ, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ  Երվանդ Խունդկարյանը կարեւորեց երկխոսությունը. «Մամուլի ներկայացուցիչների առաքելությունն է վեր հանել եւ հասարակությանն իրազեկել պետական իշխանության մարմինների գործունեության խնդրահարույց կողմերի մասին՝ այդ կերպ ապահովելով նաեւ ժողովրդավարական երկրներին բնորոշ՝ հասարակական վերահսկողության կառուցակարգերը»,-ասաց նա:

Մտահոգության առիթը հատկապես վերջին շրջանում մամուլի հրապարակումներն են, որոնք անհարկի նսեմացնում են դատավորի առաքելությունը: Երվանդ Խունդկարյանը սա համարեց անտեղյակության կամ միակողմանի ներկայացման հետեւանք:

Նա առաջարկեց դատարաններում լրատվական ծառայություններ ձեւավորել, որոնցում  ներգրավված կլինեն թե՛ լրագրողներ, թե՛ իրավաբաններ:

«Լրատվական ծառայության աշխատակիցները պետք է հետեւողական լինեն ԶԼՄ-ների հրապարակումների նկատմամբ, դրանք ներկայացնեն համապատասխան դատավորին կամ դատավորներին ու, թույլատրելիության սահմանում, պատասխան տեղեկություն հրապարակելու միջոցով, հանրությանը տրամադրեն իրականությանը համապատասխանող եւ իրավաբանորեն հիմնավորված տեղեկատվություն»,-առաջարկեց Երվանդ Խունդկարյանը:

Նա նկատեց, որ ծանրաբեռնված աշխատանքի պատճառով, ինչպես նաեւ դատավորի վարքագծի կանոնների պահպանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ դատավորները շատ դեպքերում չեն կարողանում ապահովել դատական իշխանություն-ԶԼՄ համագործակցությունը:

Tert.am-ի լրագրող Բեթղեհեմ Արաբյանը ընդգծեց, որ դատավորների վարքագծի կանոնները սահմանափակում են անձամբ դատավորից տեղեկատվություն ստանալու հնարավորությունը: Դատախազները նույնպես, որպես կանոն, խուսափում են լրատվամիջոցների հետ շփումից: Արդյունքում, ակամա, լրատվության աղբյուր, հետեւապես նաեւ հանրային կարծիք թելադրող դառնում են միայն փաստաբանները:

«Դատական նիստերից հետո սպասում ենք փաստաբանին: Դատախազները չեն խոսում: Հիմա խոսքը դատավորներին է վերաբերում՝ իրենք այնքան ոչինչ չեն ասում, որ փաստի առաջ ենք կանգնում: Մեկ խնդիր էլ կա՝ դատարաններից տեխնիկապես հնարավոր չէ ինտերնետով որեւէ նյութ ուղարկել»,-ասաց Բեթղեհեմ Արաբյանը:

Երեւանի առաջին ատյանի դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը նշեց, որ համաձայն է հաղորդակցվել լրագրողների հետ, բայց խնդիրը օրենսդրական է.  «Չենք կարող քննարկել քաղաքականություն, չենք կարող քննարկել ընթացքի մեջ գտնվող մեր գործերը: Ինչպես կարող ենք հանդիպել լրագրողների հետ եւ ինչ թեմա կարող ենք քննարկել»:

Նա նկատեց, որ լրագրողները հետաքրքրված են կոնկրետ գործերով, որոնք իրենք իրավունք չունեն հրապարակավ քննարկելու, մյուս հարցն է՝ թե որտեղ կարող են հանդիպել լրագրողներին:

ԵԽ փորձագետ Մաթս Մելինը պատասխանեց, որ եթե օրենսդրական սահմանափակում կա՝ նախքան դատական ակտի հրապարակումը խոսելու դրա մասին, ուրեմն պետք է հարգել. «Ես քաջատեղյակ եմ այն վտանգին, որը ծագում է, երբ դատական ակտը քննարկվում է դրսի աշխարհի հետ: Հնարավորինս հասկանալի դատական ակտեր պետք է գրենք, որ յուրաքանչյուր  քաղաքացի կարդա եւ պարզ լինի: Ոչ միշտ է այդպես, պետք է ակտիվորեն աշխատենք  մեր խոսքի վրա, որ մաքսիմալ հասկանալի լինի»: 

Շվեդիայում, նրա խոսքով, բոլոր ատյանների դատարանները գրեթե միշտ պաշտոնական կարճ ամփոփոգիր են պատրաստում դատական ակտի բովանդակության մասին՝ կես էջի սահմանում: Դատավորությունից անմիջապես հետո հրապարակում են նյութը, որպեսզի լրագրողն ամփոփ տարբերակով ծանոթանա ակտի էությանը եւ հասկանա, թե ինչ է տեղի ունեցել:  Երկու վճիռ են պատրաստում՝ մեկը երկար, մյուսը՝  կարճ. սա նաեւ նվազեցնում է լրատվամիջոցների սխալվելու հավանականությունը: 

Սլովենացի փորձագետ Նինա Բետետտոն առաջընթաց համարեց, որ Հայաստանում դատական ակտերը կայացնելուց հետո անմիջապես հրապարակվում են: Սլովենիայում դրանք հրապարակելու իրավունք ունեն միայն վերջին ատյանի դատարանի վճռից հետո:

Panorama.am-ի լրագրող Աննա Մկրտչյանը նշեց, որ դեռ 2005 թվականին շատ դժվար էր դատավորներին բացատրել՝ որն է հացազրույց տալու շահը. Երվանդ Խունդկարյանը, նրա խոսքով, առաջին դատավորն էր, որը հարցազրույց տվեց:

Նա նկատեց, որ դատավորների շփումը մամուլի հետ կարեւոր է նաեւ որպես դրսից հայացք եւ պետք է խրախուսել  դատավորներին՝ բաց լինել հասարակության համար:

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովիկ Շահնազարյանը խոչընդոտները պայմանավորեց յուրաքանչյուրի դերակատարությամբ. «Հանրային շահն է պահանջում, որ մարդիկ լրատվամիջոցներով ստանան տեղեկատվություն: Բայց մյուս կողմում հաճախ անձնական կյանքի գաղտնիությունն է»:

ԵԽ փորձագետ Մաթս Մելինն ասաց՝ դատարանները պետք է լինեն հնարավորինս բաց եւ թափանցիկ՝ ինչքան հնարավոր է բաց եւ թափանցիկ: Նա կարիերայի սկզբում որպես դատավոր կիրառում էր հին սկզբունքը, որը սահմանում է՝ դատավորը օրենքի բերանն է, այսինքն իրավունք ունի խոսել միայն իր վճիռների միջոցով եւ վերջ:  Բայց ընթացքում գիտակցեց, որ լրատվամիջոցների առատությունից ելնելով՝ նախկին դիրքորոշումը հնարավոր չէ պահպանել. «Շվեդիայում մեզ շրջապատող հասարակությունը պարտադրել է մեզ, որ բաց, թափանցիկ պատասխանենք լրատվամիջոցների հարցերին: Մենք փորձում ենք հիմնավորել մեր դիրքորոշումը: Լրագրողները պահանջում են խոսել կոնկրետ դատավորի հետ, որը ստորագրել է վճիռը կամ կազմը ներկայացնող դատավորներից մեկի հետ: Սա պահանջում է, որ բոլոր դատավորները բավարար պատրաստված լինեն, որպեսզի ներկայացնեն պատասխանները»:

Նա նկատեց, որ խոսնակ նշանակելը ավելի հարմար է, բայց հասարակության շարունակվող զարգացումը ի վերջո հանգեցնելու է իրավիճակի, երբ լրագրողները կպահանջեն կոնկրետ դատավորի հետ հարցազրույց:

Փոխարենը, Շվեդիայում արգելված է նկարահանել կամ ուղիղ հեռարձակել նիստերը: Լուսանկարել կարելի է միայն դատական նիստերը սկսվելուց առաջ:

Նինա Բետետտոն ասաց, որ լրագրողներից քչերն են հասկանում դատավորների աշխատանքի սահմանափակությունը, փոխարենը իրենք՝ դատավորները չեն հասկանում, թե լրագրողներն ինչպես պետք է արագ արձագանքեն, ինչպես արագ պատրաստեն նյութերը, ինչպիսի ժամկետներ ունեն. այս իմաստով՝ կարեւոր է երկու մասնագիտությունների ներկայացուցիչների միջեւ կապեր ստեղծելը:

Կլոր-սեղան քննարկման մասնակիցներին բաժանվեց Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի փաստաթղթերի ժողովածուն, որը նոր է թարգմանվել հայերեն: Ժողովածուի կարծիք թիվ 7-ը անդրադառնում է արդարադատության եւ հասարակության հարաբերություններին, կարծիք թիվ 12-ը՝ ժողովրդավարական հասարակությունում դատավորների եւ դատախազների հարաբերություններին, իսկ կարծիք թիվ 16-ը՝ դատավորների եւ փաստաբանների փոխհարաբերություններին:

Նշենք, որ կլոր սեղան-քնարկումն իրականացվում է Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում դատական բարեփոխումների իրականացմանը» ծրագրի շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության դատավորների միության (ՀՀԴՄ) հետ համատեղ:

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ) ծրագրային ձևաչափի շրջանակներում, ինչպես նաև Մեծ Բրիտաիայի Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի կառավարության կողմից: Ծրագիրն ամբողջությամբ իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից:

Tweet
  • Մեր մասին
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
  • Հետադարձ կապ

Վազգեն Սարգսյան 5
Երևան 0010
Հայաստանի Հանրապետություն

  • Մեր մասին
    • Կանոնադրություն
    • Նպատակները
    • Կառուցվածք
    • Համագործակցություն
    • Հարցազրույցներ
  • Նորություններ
  • Դատական իշխանություն
  • Հրապարակումներ
    • Նախադեպային որոշումներ
  • Հետադարձ կապ