Դատավորների միջազգային միության 61-րդ համաժողով Մարոկկոյի Թագավորությունում
Մարոկկոյի Թագավորության Մարաքեշ քաղաքում 2018 թվականի հոկտեմբերի 14-18-ին տեղի ունեցավ Դատավորների միջազգային միության տարեկան 61-րդ համաժողովը: Բացման խոսքով հանդես եկան Դատավորների միջազգային միության նախագահ Քրիստոֆ Ռեգնարդը և գլխավոր քարտուղար Ջակոմո Օբերտոն:
Համաժողովի ընթացքում քննարկվեցին դատավորների անկախության, անաչառության ու անկողմնակալության, դատական իշխանության հանդեպ հանրային վստահության բարձրացման վերաբերյալ մի շարք հարցեր: Քննարկման առարկա դարձան նաև անդամ երկրների դատական համակարգերում առկա խնդիրներն ու դրանց հնարավոր լուծման ճանապարհները: Մասնավորապես ներկայացվեց Լեհաստանի, ինչպես նաև Թուրքիայի դատական համակարգերում տիրող իրավիճակն ու այդ կապակցությամբ Դատավորների եվրոպական միության կողմից ձեռնարկված միջոցառումները:
Ուսումնական 4 հանձնաժողովները ներկայացրին համապատասխան թեմաների վերաբերյալ եզրակացությունները: Առաջին ուսումնական հանձնաժողովի ուսումնասիրության թեման էր «Իշխանության մյուս ճյուղերի, զանգվածային և սոցիալական լրատվամիջոցների կողմից անհարգալից կերպով դատավորների և դատական որոշումների նկատմամբ հանրային քննադատության միտումը», երկրորդ ուսումնական հանձնաժողովինը՝ «Գործի արդյունավետ վարման ռազմավարությունները», երրորդինը՝ «Վկաների նկատմամբ վերաբերմունքը, ներառյալ՝ անչափահաս վկաները, պաշտպանվող վկաները և սեռական բռնության ենթարկված տուժողները. դատավարական ընթացակարգերը. պարտադիր պատժամիջոցները», իսկ չորրորդինը՝ «Փախստականների իրավունքները և պարտականությունները. ժամանակակից ստրկության վտանգը»: Հարկ է նշել, որ չորրորդ ուսումնական հանձնաժողովի թեմայի ընտրությունը մեծապես պայմանավորված է եղել ՀՀ դատավորների միության առաջարկով՝ հաշվի առնելով Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) հետ ՀՀ դատավորների միության համագործակցությունը:
Համաժողովի ընթացքում տեղի ունեցավ նաև Նախագահական կոմիտեի ընտրություններ: Դատավորների միջազգային միության նախագահ ընտրվեց Ավստրալիայի դատավոր Թոնի Պագոնը: Դատավորների միջազգային միության արդեն նախկին նախագահ Քրիստոֆ Ռեգնարդին շնորհվեց Դատավորների միջազգային միության պատվավոր նախագահի կոչումը: Առաջին փոխնախագահ ընտրվեց Իգրեա Մաթոսը (Պորտուգալիա): Փոխնախագահներ ընտրվեցին նաև Ջամել Աիդունին (Ալժիր), Ռաֆայել դե Մենեզեսը (Բրազիլիա), Ալլիսոն Դունկան (ԱՄՆ), Դուռո Սեսսան (Խորվաթիա) և Միքայել Սջոբերգը (Դանիա): Դատավորների միջազգային միության գլխավոր քարտուղար վերընտրվեց Ջակոմո Օբերտոն (Իտալիա), իսկ գլխավոր քարտուղարի տեղակալներ ընտրվեցին Լուսիո Ասչետտինոն (Իտալիա), Գալիլեո Դագոստինոն (Իտալիա), Ռաֆայել Գարգիուլոն (Իտալիա):
Համաժողովի ընթացքում քննարկվեցին նաև Դատավորների միջազգային միության բյուջեին առնչվող, ինչպես նաև այլ ընթացիկ հարցեր: