Վարչական արդարադատության ոլորտում հայ-գերմանական գործակցությունն արդյունավետ է. Երվանդ Խունդկարյան
Վճռաբեկ դատարանի 20-ամյակը և Վարչական դատարանի 10-ամյակը խորհրդանշող միջոցառումների շարքի մեկնարկը դարձավ «Վարչական արդարադատության ձևավորումն ու զարգացումը ՀՀ-ում» թեմայով գիտաժողովը:
2018 թվականի հունիսի 26-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Արարատ» սրահում ՀՀ վճռաբեկ դատարանի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» հայաստանյան ծրագրի շրջանակում տեղի ունեցավ ՀՀ վճռաբեկ դատարանի կազմավորման քսանամյակին և վարչական դատարանի հիմնադրման տասնամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում-գիտաժողով՝ «Վարչական արդարադատության ձևավորումն ու զարգացումը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով:
Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնակատար, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը, Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը, Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը, Հայաստանում Գերմանիայի Դաշնության դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը:
Գիտաժողովը մեկնարկեց Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնակատար Երվանդ Խունդկարյանի շնորհավորանքի ու շնորհակալական խոսքով՝ ուղղված այն բոլոր մարդկանց ու կազմակերպություններին, որոնք եղել են Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի ստեղծման ակունքներում և իրենց անգնահատելի ներդրումն ունեցել վարչական արդարադատության կայացման գործում, հատկապես՝ Գերմանիայի Դաշնային գերագույն վարչական դատարանի նախագահող դատավոր Ռյուդիգեր Ռուբելին և Գերմանիայի Հեսսեն երկրամասի գերագույն վարչական դատարանի պաշտոնաթող նախագահ Վոլֆգանգ Ռայմերսին, ինչպես նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» հայաստանյան ծրագրի ղեկավար Վարդան Պողոսյանին:
Եզրափակելով ողջույնի խոսքը՝ Երվանդ Խունդկարյանը գիտաժողովի բոլոր մասնակիցներին մաղթեց արդյունավետ աշխատանք՝ վստահ լինելով, որ քննարկման ընթացքում կհնչեն տեսական և գործնական հիմնավոր ու խնդրահարույց հարցադրումներ, տեսակետներ, կներկայացվեն այնպիսի մոտեցումներ, որոնք գործնական կիրառում կստանան մոտ ապագայում:
Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ միջոցառմանը ներկա Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը ևս կարևորեց գերմանացի փորձագետների դերը վարչական արդարադատության կայացման հարցում: ԲԴԽ նախագահի համոզմամբ՝ թեև մեզանում վարչական արդարադատությունը որոշ առումով կայացած համակարգ է, այդուամենայնիվ ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք օրենսդրական բարեփոխումների և կառուցակարգային լուծումների կարիք ունեն: Սակայն օրախնդիր հարցադրումներից է դատարանների գերծանրաբեռնվածությունը, ինչը հանգեցնում է ածանցյալ այլ խնդիրների:
Գագիկ Հարությունյանը միաժամանակ նկատեց, որ Հայաստանում արդարադատությունը և հատկապես վարչական արդարադատությունը պետք է նոր որակ ստանան, ինչը պայմանավորված է թե՛ դատարանների ու դատավորների անկախությամբ և թե՛ դատական իշխանության պատշաճ վստահության ներդրմամբ: «Դա չի լինում քարոզի միջոցով, դա լինում է ռեալ աշխատանքի և համակարգային բարեփոխումների արդյունքում: Մենք ունենք վարչական դատարան, որն ունի նստավայրեր ամբողջ հանրապետության տարածքում: Կան նստավայրեր, ինչպես օրինակ Վեդիի նստավայրը, որտեղ միջին ծանրաբեռնվածությունը տարեկան կազմում է շուրջ 390 գործ, իսկ ահա Երևանում՝ շուրջ 790 գործ: Ծանրաբեռնվածության այսպիսի տարբերությունները վկայում են, որ մենք ունենք ոչ օպտիմալ դատական տարածքներ: Մյուս կողմից վարչական դատարաններում գործերի մոտ 70 տոկոսը վերաբերում են ոստիկանության դեմ ներկայացված տույժ-տուգանքների բողոքարկումներին: Բավարարվում է դրանց գրեթե 50 տոկոսը»,-նկատեց Գագիկ Հարությունյանը:
Վարչական արդարադատության ոլորոտում առկա խնդիրների շուրջ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի մտահոգությունների հետ համակարծիք էր արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը. «Վստահաբար կարելի է պնդել, որ վերջին 10 տարիների ընթացքում վարչական արդարադատության բնագավառում լուրջ առաջընթաց ենք գրանցել: Ոլորտի գրեթե բոլոր նախաձեռնություններում Հայաստանն ունեցել է Գերմանիայի կառավարության աջակցությունը: Սակայն վարչական դատարաններում կա դատավորների գերծանրաբեռնվածություն, ինչն էլ իր հերթին հանգեցնում է նրան, որ գործերը երկար են քննվում: Այս առնչությամբ մենք հետագայում գործողություններ ենք ձեռնարկելու՝ ապագայում դատավորների թիվն ավելացնելու համար: Պետք է կտրուկ նվազեցնենք նաև վարչական ակտերի թիվը: Մենք չպետք է միջոցներ ձեռնարկենք, որպեսզի բոլոր վարչական խախտումները բացահայտվեն, մենք պետք է քայլեր ձեռնարկենք, որպեսզի վարչական խախտումների կատարումը նվազեցվի: Բացի այդ, վարչական պատասխանատվության միջոցներն այսօր ունեն ավելի շատ պատժիչ բնույթ: Մոտ ապագայում փոփոխություններ ենք կատարելու վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում՝ պատասխանատվության միջոցները պատժիչից դարձնելով ավելի շատ կանխարգելիչ»:
Ողջունելով վարչական արդարադատության զարգացման նպատակով Գերմանիայի Դաշնության և Հայաստանի միջև համագործակցությունը՝ Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերն իր խոսքում կարևորեց արդարադատական համակարգի հիմնական բաղադրիչներից մեկը՝ դատարանների նկատմամբ վստահությունը, որը հսկայական նշանակություն ունի իրավական պետություն կառուցելու գործում: «Համոզված եմ, որ հատկապես ՀՀ նոր կառավարությունն այս գործի համար կտա կարևոր խթաններ»,- նշեց դեսպանը:
Գերմանացի փորձագետներ Ռյուդիգեր Ռուբելն ու Վոլֆգանգ Ռայմերսը ևս կարևորեցին Հայաստանի հետ վարչական արդարադատության զարգացման ոլորտում արդյունավետ համագործակցությունը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել իրենց օժանդակությունը Հայաստանում վարչական արդարադատության զարգացման ուղղությամբ:
Գիտաժողովի երկրորդ մասը բացեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, ով իր հերթին ևս ողջունեց համաժողովի մասնակիցներին: Նախարարը նկատեց, որ այսօր Հայաստանում Կառավարությունը ժողովրդականություն է վայելում, ինչը պետք է վարակիչ լինի նաև դատական համակարգի համար: «Հաճախ իրավական ձևակերպումները հակասության մեջ են մտնում Սահամանդրության, միջազգային պայմանագրերի, Եվրոպական դատարանի վճիռների հետ: Մենք ունենք Վարչական դատարանի բազմաթիվ դատական ակտեր, որտեղ այդ հակասությունը արձանագրված է, և ուղղակիորեն կիրառված է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերը: Այդպիսի դատական ակտերը հպարտության առիթ են դառնում միջազգային ասպարեզում: Լավ կլինի, որպեսզի դա լինի օրինաչափություն և ոչ թե բացառություն»,- նշեց Արտակ Զեյնալյանը: Նախարարն անդրադարձավ խնդրին, որ եղել են պետական մարմիններ, որոնք վարչական դատարանում չեն պարտվել կամ դրանց պարտությունն այնքան հազվադեպ է եղել, որ ուղղակի չի նկատվել: Միաժամանակ շեշտեց, որ այդպիսի մարմիններ Հայաստանում չպետք է լինեն՝ անկախ այդ մարմնի անվան հնչեղությունից: Հայաստանում արտոնյալներ չպետք է լինեն: «Դատարաններն ազատ են. ոչ միայն մենք չենք զանգելու դատավորներին, այլև թույլ չենք տալու, որպեսզի որևէ մեկը զանգահարի»,- ասաց նախարար Զեյնալյանը և կոչ արեց դատավորներին արդարադատությունն իրականացնել գիտելիքի հիման վրա, խղճով և Հայաստանի Հանրապետության անունից:
Գիտաժողովի հիմնական զեկույցների համատեքստում առանցքային հարցադրումներն առնչվում էին Վճռաբեկ դատարանի անցած քսանամյա և Վարչական դատարանի տասնամյա գործունեության ընթացքում արձանագրված ձեռքբերումներին ու լուծում պահանջող խնդիրներին:
Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնակատար, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահ Երվանդ Խունդկարյանը, պատմական անդրադարձ կատարելով ՀՀ վճռաբեկ դատարանի կազմավորման գործընթացին, նշեց, որ մեկ-երկու տասնամյակը չափազանց սեղմ ժամկետ է որևէ դատարանի գործունեությանը համարժեք գնահատական տալու համար: «ՀՀ վճռաբեկ դատարանի անցած քսանամյա ուղին հասել է այն հանգրվանին, որ Հայաստանի Հանրապետությունում որպես կանոն չի կայացվում որևէ վերջնական դատական ակտ, որը հիմնավորված չէ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներով կամ չի պարունակում ՀՀ վճռաբեկ դատարանի որևէ որոշմանը հղում»,-նշեց Երվանդ Խունդկարյանը՝ հավելելով, որ ՀՀ վճռաբեկ դատարանի գործունեության դրական արդյունքները մեծապես պայմանավորված են նաև Հայաստանի Հանրապետությունում վարչական արդարադատության հիմնադրմամբ և ՀՀ վարչական դատարանի ստեղծմամբ, ինչը դատաիրավական բարեփոխումների կարևորագույն ձեռքբերումներից մեկն է: Ավելին, ՀՀ վարչական դատարանն իր գոյության տասը տարիների ընթացքում կարողացել է ճիշտ ընկալել վարչական արդարադատության էությունն ու իմաստը և ծանր ու պատասխանատու աշխատանքի միջոցով անշեղորեն հետևել է իրավական ու ժողովրդավարական սկզբունքների պահպանմանը՝ իր առջև ունենալով մարդու խախտված իրավունքների գործնական վերականգնման հստակ նպատակ: Իսկ դատավորներին հասցեագրված Երվանդ Խունդկարյանի կոչը հետևյալն էր՝ շարունակել իրենց գիտելիքների հարստացումն ու արդիականացումը միջազգային ամենաբարձր չափորոշիչներին համահունչ կերպով, քանզի վարչական արդարադատության շարունակական կատարելագործումն ու այս ոլորտում առաջ եկող նորանոր մարտահրավերների հաղթահարումը ժամանակի հրամայականն են:
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահ Հովսեփ Բեդևյանն էլ իր ելույթում Վարչական դատարանի ստեղծումը համարեց ձեռքբերում ոչ միայն ՀՀ ողջ իրավական դաշտի, այլև հենց պետության համար. «Որպես իրավական պետություն, մեր նպատակը քաղաքացիների իրավունքների ու ազատությունների պահպանումը, նրանց իրավահավասարությունը, օրինականության հիման վրա հանրության շահերի պաշտպանությունն ապահովելու մեջ է: Մեր ձեռքբերումները հավասարաչափ վերաբերում են վարչական արդարադատություն իրականացնող բոլոր ատյաններին: Այսօր բողոքների քանակի բազմությունը միայն ՀՀ վերաքննիչ դատարանի նկատմամբ ձևավորված վստահության արդյունք չէ. այն և՛ առկա օրենսդրական բացերի, և՛ վարչական մարմինների կողմից բողոք ներկայացնելու իրավունքի չարաշահման արդյունք է, որը պետք է ենթարկվի կարգավորման»:
Աղասի Դարբինյանը, ով օրեր առաջ Բարձրագույն դատական խորհրդի կողմից ընտրվեց ՀՀ վարչական դատարանի նախագահ, հպարտությամբ նկատեց, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի իր գործընկերների իրականացրած արդարադատության և կայացրած դատական ակտերի արդյունքն են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց՝ հանրային իրավունքի ոլորտում իրականացվող գործառույթների մակարդակի բարձրացումը, դատական ակտերով վերհանված օրենսդրական բացերի և թերությունների շտկումը, փաստաբանների պատրաստավածության և մասնագիտական հմտությունների արհեստավարժությունը, տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության իրավական մշակույթի և իրավագիտակցության բարձրացումը:
Աղասի Դարբինյանը երախտագիտությամբ արձանագրեց, որ վարչական արդարադատության ձևավորման ճանապարհին միայնակ չեն եղել և մշտապես զգացել են գերմանացի փորձագետների աջակցությունը, ովքեր «Հարավային Կովկասում եվրոպական չափորոշիչներին իրավական համապատասխանեցում» ծրագրի շրջանակներում հարթակ են ստեղծել խնդիրների քննարկման ու փորձի փոխանակման համար:
Զեկույցների ներկայացման ավարտին տեղի ունեցավ նաև մասնագիտական քննարկում: