Արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու դիմումներով գործերի վարույթն ըստ ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքի
1998 թ. հունիսի 17-ին ընդունված և 1991 թ. հունվարի 12-ից օրինական ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը ՀՀ-ում իրականացվող դատաիրավական բարեփոխումների արդյունքում ընդունված կարևոր իրավական ակտերից էր: Այն իր ընդունման պահից բավականին առաջադիմական էր և նախատեսում էր մի շարք իրավական ինստիտուտներ, որոնց կարգավորումը և գործնական կիրառումն անհրաժեշտ էր: Այդ օրենսգրքի ավելի քան 19-ամյա գործողության ընթացքում դրանում կատարվեցին բազմաթիվ փոփոխություններ և լրացումներ, սակայն առկա էին որոշակի դատավարական գործողությունների կարգավորման բացթողումներ: Մասնավորապես` արբիտրաժային տրիբունալների վճիռների հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ առկա էին հազարավոր դատական գործեր, սակայն դրանց կարգավորումը 1998 թ. հունիսի 17-ին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով տրված չէր:
2008 թ. դեկտեմբերի 25-ին ընդունված «Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքով մանրամասն կարգավորվեց առևտրային արբիտրաժի գործունությունը ՀՀ-ում, այդ թվում՝ արբիտրաժի տիբունալի կազմը, իրավասությունները, արբիտրաժային վարույթի իրականացումը, վճռի կայացումը և վարույթի ավարտը, վճռի վիճարկումը, ինչպես նաև վճռի ճանաչումը և կատարումը:
Հատկապես վերջին դրույթի՝ վճռի ճանաչումը և կատարումը կարգավորող նորմերում չկար հստակ կարգավորումներ դատարանների կողմից նմանատիպ դիմումների քննության վերաբերյալ և այն իր կարգավորումն է ստացել միայն «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով (հոդված 19):
Դատարանները նմանատիպ գործերով դիմումները (միջնորդությունները) ստանալով, գործերը քննում և լուծում էին՝ ղեկավարվելով միայն «Առևտրային արբիտրաժի մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքներով սահմանված կարգով՝ առանց որևէ հղում կատարելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքին:
Ըստ այդ պահին գործող պրակտիկայի՝ կատարողական թերթ տալու մասին պահանջատիրոջ դիմումը դատարանը ստանալուց հետո վարույթ էր ընդունում, երկշաբաթյա ժամկետում նշանակում էր դատական նիստ, պատվիրված նամակով ծանուցում էր պահանջատիրոջը և պարտապանին, որից հետո պատշաճ ծանուցումն ապահովված լինելու պայմաններում կայացնում էր որոշում (կարգավորումն՝ ըստ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի):
Նման աշխատելաոճը հանգեցնում էր նմանատիպ գործերի մեծ կուտակումների և գործերի քննության, վճիռների կատարման ողջամիտ ժամկետների ձգձգումների և խախտումների:
2018 թ.-ի փետրվարի 9-ին ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում (գլուխ 46) առաջին անգամ կարգավորվեց արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումներով գործերի վարույթը, որով հստակ կարգավորվեց և պարզեցվեց նմանատիպ դիմումներով գործերի քննության կարգը, պայմանները և ժամկետները: Ըստ այդ նորմերի՝ հստակեցվեց նաև կատարողական թերթ տալու դիմումը ներկայացնելու վայրը, ժամկետները, դիմումին ներկայացվող պահանջները (ձև և բովանդակություն), կից ներկայացվող փաստաթղթերի կազմը, դիմումի քննության կարգը, ժամկետները, կայացվող դատական ակտի (որոշման) ձևը և բովանդակությունը:
Սակայն, արբիտրաժային վճռի կողմերը, մասնավորապես՝ դիմում ներկայացնող պահանջատեր կողմերը, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ դատարան են ներկայացնում միջնորդություններ (դիմումներ), որոնք չեն համապատասխանում գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքին:
Այսպես՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 321-րդ հոդվածը սահմանում է.
«Արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը
- Արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը դատարանը քննում է այն դեպքում, երբ արբիտրաժի վայր է հանդիսացել Հայաստանի Հանրապետության տարածքը:
- Արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու հարցը դատարանը քննում է այն անձի դիմումի հիման վրա, որի օգտին կայացվել է արբիտրաժի վճիռը:
- Արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը ներկայացվում է «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դատարան:
- Արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը կարող է ներկայացվել դատարան արբիտրաժի վճիռն ստանալու պահից մեկ տարվա ընթացքում»:
Տվյալ պարագայում, օրենսդիրը հստակ կարգավորում է, որ դատարան պետք է ներկայացվի դիմում, և որպես դատավարության մասնակից նշվի դիմող կողմը: Մինչդեռ ներկայացվում է միջնորդություն, որում որպես դատավարության մասնակիցներ նշում են՝ հայցվոր և պատասխանող:
Բացի այդ՝ հստակ կարգավորվել է արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումները ներկայացնելու ժամկետները, ըստ որի՝ դրանք կարող են ներկայացվել դատարան՝ արբիտրաժի վճիռն ստանալու պահից մեկ տարվա ընթացքում: Այս առումով, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ այդ ժամկետները չեն պահպանվում
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 322-րդ հոդվածը սահմանում է.
«Դիմումին ներկայացվող պահանջները
- Արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումի մեջ պետք է նշվեն՝
- դատարանի անվանումը, որտեղ ներկայացվում է դիմումը,
- վճիռը կայացրած արբիտրաժի անվանումը, վայրը և կազմը,
- արբիտրաժային վարույթի մասնակիցների անունները (անվանումները), նրանց հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, դիմող քաղաքացու անձնագրային տվյալները, դիմող իրավաբանական անձի պետական գրանցման համարը,
- արբիտրաժի վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը և համարը,
- արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու մասին պահանջ:
- Արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու մասին դիմումին կից ներկայացվում են՝
- արբիտրաժի վճռի բնօրինակը կամ դրա պատշաճ ձևով վավերացրած պատճենը,
- արբիտրաժային համաձայնության բնօրինակը կամ դրա պատշաճ ձևով վավերացված պատճենը,
- օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքը վճարելը հավաստող փաստաթուղթ,
- արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու մասին դիմումի պատճենն արբիտրաժային վարույթի մյուս կողմին հանձնելը կամ ուղարկելը հավաստող փաստաթուղթ:
- Սույն հոդվածի 2-րդ մասում նշված փաստաթղթերի պատճենները կարող են վավերացվել մշտապես գործող արբիտրաժի նախագահի կողմից, իսկ եթե արբիտրաժը ձևավորվել է կոնկրետ վեճը լուծելու համար (ad հօc` ադ հոք)՝ նոտարական կարգով:
- Դիմումում կարող են ներառվել կամ դրան կարող են կցվել դիմողի միջնորդությունները, այդ թվում՝ արբիտրաժի վճռի կատարումն ապահովելու վերաբերյալ, որի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 13-րդ գլխի կանոնները:
- Սույն օրենսգրքի 321-րդ հոդվածի, ինչպես նաև սույն հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ ներկայացված դիմումը ենթակա է վերադարձման այն ներկայացրած անձին՝ սույն օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով»:
Այս առումով, ինչպես նշվեց վերը, արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ պետք է ներկայացվի դիմում, որի մեջ պետք է նշվեն՝ դատարանի անվանումը, որին ներկայացվում է դիմումը, վճիռը կայացրած արբիտրաժի անվանումը, վայրը և կազմը, արբիտրաժային վարույթի մասնակիցների անունները (անվանումները), նրանց հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, դիմող քաղաքացու անձնագրային տվյալները, դիմող իրավաբանական անձի պետական գրանցման համարը, արբիտրաժի վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը և համարը, արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու մասին պահանջ:
Մինչդեռ, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ ներկայացվում է միջնորդություն, որպես դատավարության և արբիտրաժային վարույթի մասնակից նշվում են հայցվոր և պատասխանող, իսկ պահանջով խնդրում են « ... արբիտրաժային դատարանի կայացված վճիռը ճանաչելով պարտադիր՝ դրա հիման վրա տրամադրել կատարողական թերթ ...»:
Այնինչ ՀՀ քաղաքացիական դատավարության գործող օրենսգիրքը հստակ սահմանում է, որ պահանջը պետք է լինի «արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու մասին»:
Բացի այդ՝ հստակ սահմանվել է արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու մասին դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի կազմը, ըստ որի պետք է ներկայացվի՝ արբիտրաժի վճռի բնօրինակը կամ դրա պատշաճ ձևով վավերացրած պատճենը: Մինչդեռ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ կից ներկայացվում է արբիտրաժային դատարանի միանձնյա արբիտրաժային տրիբունալի կայացրած վճիռը, որի միայն վերջին էջն է ստորագրված և կնքված արբիտրաժային տրիբունալի նախագահի կողմից: Այդ վճռի 2, 4 և հաջորդող զույգ համարներով էջերում ստորագրություն և կնիք ընդհանրապես առկա չէ, իսկ 1, 3 և հաջորդող կենտ համարներով էջերում առկա է կնիքի որոշ մասեր:
«Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արբիտրաժային տրիբունալի վճիռը պետք է կայացվի գրավոր ձևով և ստորագրվի միանձնյա արբիտրի կամ արբիտրների կողմից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վճիռը կազմում է գործը քննած դատավորը, գործը քննած դատավորը կնքում է վճռի յուրաքանչյուր էջը և ստորագրում է վճռի եզրափակիչ մասը:
Վերը նշված հոդվածների վերլուծությունից հետևում է, որ վճռի (այդ թվում՝ արբիտրաժի վճիռը) յուրաքանչյուր էջ պետք է ստորագրվի և կնիքվի: Մինչդեռ տվյալ վճիռն օրենքով սահմանված կարգով պատշաճ և լրիվությամբ ստորագրված ու կնքված չէ:
Հետևաբար՝ միջնորդությանը կից ներկայացված վճիռը պատշաճ ձևով վավերացված բնօրինակ կամ պատշաճ ձևով վավերացված պատճեն չէ, որը վերոնշյալ հոդվածների համաձայն պարտադիր պայման է:
Բացի այդ` միջնորդությանը կից դատարան է ներկայացվում արբիտրաժային համաձայնության պատճենը, որի վրա առկա է միջնորդությունը ներկայացնող կողմի անվամբ դրոշմակնիք:
Մինչդեռ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 322 հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 2-րդ մասում նշված փաստաթղթերի պատճենները կարող են վավերացվել մշտապես գործող արբիտրաժի նախագահի կողմից, իսկ եթե արբիտրաժը ձևավորվել է կոնկրետ վեճը լուծելու համար (ad hoc՝ ադ հոք)՝ նոտարական կարգով, որը և չի կատարվել:
Հետևաբար` դատարան ներկայացված արբիտրաժային համաձայնության պատճենը նույնպես պետք է վավերացված լինեն վճիռը կայացրած արբիտրաժի նախագահի կողմից, կամ նոտարական կարգով: Հակառակ պարագայում դրանք պատշաճ վավերացված պատճեն չեն կարող հանդիսանալ:
Ինչ վերաբերում է կից ներկայացվող օրենքով սահմանված կարգով ու չափով պետական տուրքը վճարումը հավաստող փաստաթղթին, ապա «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարաններ տրվող արբիտրաժային տրիբունալների վճիռների հարկադիր կատարման
կատարողական թերթ տալու մասին դիմումների համար պետական տուրքը գանձվում է բազային տուրքի քառապատիկի չափով, այսինքն` տվյալ պահին այն կազմում է 4000 ՀՀ դրամ:
Ինչպես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում հայցադիմումները և դիմումները դատարան ներկայացնելու կարգին և պայմաններին վերաբերող մյուս դրույթներում, այնպես էլ արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու մասին դիմումի ներկայացման կարգում, ավելացվել է պահանջ, որ այդ հայցադիմումների, դիմումների, այդ թվում՝ արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու մասին դիմումների պատճենները պետք է նախօրոք հանձնել կամ ուղարկել արբիտրաժային վարույթի մյուս կողմին և հանձնելը կամ ուղարկելը հավաստող փաստաթուղթը դիմումին կից ներկայացնել դատարան:
Այս դրույթը նախատեսվել է, որպեսզի դատավարության մասնակիցները նախօրոք տեղյակ լինեն դատարան ներկայացված հայցադիմումների, դիմումների մասին և իրենց կարծիքն ըստ անհրաժեշտության կարողանան հայտնել: Այս առումով, կարևոր է, որ արբիտրաժի մյուս՝ պատասխանող կողմը պետք է ստանա դիմումի պատճենը, քանի որ օրենսդիրը նախատեսում է նաև արբիտրաժային վճիռը չեղյալ ճանաչելու ընթացակարգ, որը և կկասեցնի արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու դիմումի քննությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նորմերով սահմանվում է, որ դիմումին կից պետք է ներկայացվի դիմումի պատճենը մյուս կողմին հանձնելու կամ ուղարկելը հավաստող փաստաթղթի ներկայացման պայման: Սակայն, կարծում ենք, որ ճիշտ կլինի հստակ նշել հանձնելը կամ ստանալը հավաստող փաստաթղթեր ներկայացնելու պայման: Քանի որ հնարավոր է, որ դիմողի կողմից կարող է դիմումի պատճենն ուղարկվել մյուս կողմին, և դիմումի կից ներկայացվի համապատասխան փոստային անդորրագիր, սակայն այդ փոստային առաքանին մյուս կողմն ինչ-ինչ պատճառներով կարող է չստանալ և տեղյակ չլինի դիմումը ներկայացված լինելու մասին:
Այս ամենը կարևորվում է նրանով, որ արբիտրաժային տրիբունալների վճիռների հարկադիր կատարման կատարողական թերթ տալու համար ընդհանուր առումներով դատարանը դատական նիստ չի հրավիրում, կողմերին չի ծանուցում և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 323-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առանց դատական նիստ հրավիրելու կայացնում է որոշում:
Ի տարբերություն նախկինի՝ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 322-րդ հոդվածի 5-րդ մասը կարգավորում է նաև դիմումի վերադարձման կարգն ու պայմանները: Այսինքն, եթե դիմումը ներկայացված լինի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 322-րդ հոդվածով սահմանված պահանջների խախտմամբ, այն է՝ պահպանված չէ դիմումի ձևը և բովանդակությունը, կից պարտադիր ներկայացվող փաստաթղթերը պատշաճ ձևով չեն ներկայացվել, ապա դիմումը ենթակա է վերադարձման այն ներկայացրած անձին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածը կարգավորում է հայցադիմումը վերադարձնելու կարգը, պայմանները և ժամկետները:
Այսինքն` դիմումը ներկայացվելուց հետո, 7-օրյա ժամկետում, եթե չի պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 322-րդ հոդվածով սահմանված պահանջները, ապա դատարանն որոշում է կայացնում դիմումը վերադարձնելու մասին: Որոշման մեջ նշվում են դիմումը վերադարձնելու բոլոր հիմքերը և դիմումը՝ դրան կից փաստաթղթերի հետ ուղարկվում է այն ներկայացրած անձին: Կարծում ենք վերադարձնելու մասին որոշումը պետք է ուղարկվի նաև մյուս կողմին, որպեսզի վերջինս տեղեկացվի դատարանի կողմից կայացված որոշման մասին:
Որոշման մեջ պետք է նշվի նաև այն բողոքարկելու կարգը և ժամկետները: Քանի որ դիմումը վերադարձնելու մասին որոշումը կարգավորվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով, հետևաբար այդ որոշման բողոքարկումը կարգավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360, 361 և 362-րդ հոդվածներով, ըստ որի՝ որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ գործին մասնակցող անձինք որոշումը ստանալուց հետո՝ 7-օրյա ժամկետում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 323-րդ հոդվածը սահմանում է.
«Դիմումի քննությունը
- Արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը քննվում և դրա վերաբերյալ որոշում է կայացվում դիմումը վարույթ ընդունելու օրվանից մեկ ամսվա ընթացքում՝ առանց դատական նիստ հրավիրելու:
- Դատարանը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում կարող է հրավիրել դատական նիստ, եթե դա թելադրված է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտությամբ: Այդ դեպքում արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը քննվում և դրա վերաբերյալ որոշում է կայացվում դիմումը վարույթ ընդունելու օրվանից երկու ամսվա ընթացքում:
- Գործի քննության արդյունքով կայացվող եզրափակիչ դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը նշվում են դիմումը վարույթ ընդունելու մասին որոշման մեջ:
- Դատարանը կարող է արբիտրաժից պահանջել այն գործով նյութերը, որի կապակցությամբ կատարողական թերթ է հայցվում:
- Գործի դատաքննության ժամանակ դատարանը պարզում է «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու հիմքերի առկայությունը կամ բացակայությունը:
- Եթե արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը քննելիս պարզվում է, որ դատարանի վարույթում առկա է արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում, ապա դատարանը կասեցնում է վճիռը հարկադիր կատարելու համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումի քննությունը:
- Արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալուց հետո արգելվում է արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելը, բացառությամբ այն դեպքի, երբ վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացրած անձը հիմնավորում է արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումով վարույթի ընթացքում նման դիմում ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով»:
Մինչ սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելը, տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավական ակտերով, մասնավորապես «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածով նախատեսվում էր, որ կատարողական թերթ տալու մասին դիմումը դատարանը քննում էր այն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում՝ ծանուցելով պահանջատիրոջը և պարտապանին:
Մինչդեռ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 323-րդ հոդվածի կարգավորումներով, եթե դիմումը ներկայացվել է նույն օրենսգրքի 322-րդ հոդվածի պահանջների պահպանմամբ, այն է՝ դիմումի բովանդակությունը և պահանջը ճիշտ է շարադրված, կից ներկայացվող փաստաթղթերը լրիվ են և չկա դիմումը վերադարձնելու այլ հիմքեր, ապա դատարանն այն ներկայացնելուց հետո, 7-օրվա ընթացքում որոշում է կայացնում դիմումը վարույթ ընդունելու մասին, որում նշվում է գործի քննության արդյունքով կայացվող եզրափակիչ դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը:
Ընդհանուր առմամբ, դիմումի քննության արդյունքում որոշումը պետք է կայացվի դիմումը վարույթ ընդունելու օրվանից մեկ ամսվա ընթացքում՝ առանց դատական նիստ հրավիրելու: Գործի դատաքննության ժամանակ դատարանը պարզում է «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու հիմքերի առկայությունը կամ բացակայությունը: Դատարանը կարող է արբիտրաժից պահանջել այն գործով նյութերը, որի կապակցությամբ կատարողական թերթ է հայցվում:
Իսկ եթե գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտություն է առաջացել, ապա դատարանը դիմումը վարույթ ընդունելու օրվանից մեկ ամսվա ընթացքում կարող է հրավիրել դատական նիստ: Այդ դեպքում արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը քննվում և դրա վերաբերյալ որոշում է կայացվում դիմումը վարույթ ընդունելու օրվանից երկու ամսվա ընթացքում:
Արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու դիմումի քննությունը նախատեսում է նաև կասեցման կարգ և պայման: Եթե արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը քննելիս պարզվում է, որ դատարանի վարույթում առկա է արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում, ապա դատարանը կասեցնում է վճիռը հարկադիր կատարելու համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումի քննությունը: Դիմումի քննությունը կասեցնելու մասին որոշումը կայացնելու կարգը, տվյալ գլխի կանոններով չի սահմանվում, հետևաբար այն պետք է լուծում տրվի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-160-րդ հոդվածներով սահմանված կարգով:
Արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալուց հետո արգելվում է արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելը, բացառությամբ, երբ վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացրած անձը հիմնավորում է արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումով վարույթի ընթացքում նման դիմում ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 324-րդ հոդվածը սահմանում է արբիտրաժի վճռի հարկադիր կատարումը մերժելու հիմքերը, ըստ որի արբիտրաժի վճռի հարկադիր կատարումը մերժվում է «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:
«Առևտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասը հստակ սահմանում է այն պայմանները, ըստ որի՝ արբիտրաժի վճռի հարկադիր կատարումը ենթակա է մերժման: Դրանք են.
«Արբիտրաժային տրիբունալի վճռի ճանաչումը կամ հարկադիր կատարումը, որը կայացվել է Հայաստանի Հանրապետության տարածքում կամ օտարերկրյա արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման մասին Նյու Յորքի կոնվենցիայի անդամ որևէ այլ պետության տարածքում, կարող է մերժվել միայն`
-
այն կողմի խնդրանքով, որի դեմ այն ուղղված է, եթե այդ կողմն ապացույցներ ներկայացնի դատարան, որտեղ հայցվում է վճռի ճանաչումը կամ հարկադիր կատարումը այն մասին, որ`
ա) սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված արբիտրաժային համաձայնության կողմերից մեկը, իր հանդեպ կիրառելի իրավունքի համաձայն, եղել է անգործունակ, կամ արբիտրաժային համաձայնությունը անվավեր է` կողմերի ընտրած իրավունքի կամ այդպիսին ընտրած չլինելու դեպքում` վճռի կայացման երկրի օրենսդրությամբ, կամ
բ) տվյալ կողմը պատշաճ ձևով տեղեկացված չի եղել արբիտրի նշանակման կամ արբիտրաժի մասին կամ այլ պատճառներով զրկված է եղել իր գործը ներկայացնելու հնարավորությունից, կամ
գ) վճիռ է կայացվել այնպիսի վեճի կապակցությամբ, որը նախատեսված չէր արբիտրաժային համաձայնությամբ կամ չի համապատասխանում նրա պայմաններին կամ որոշում է այնպիսի հարցեր, որոնք դուրս են արբիտրաժային համաձայնության սահմաններից, պայմանով սակայն, որ եթե արբիտրաժային համաձայնությամբ նախատեսված մասով կայացված որոշումները կարող են առանձնացվել այն որոշումներից, որոնք դուրս են արբիտրաժային համաձայնության սահմաններից, ապա կարող է չեղյալ ճանաչվել արբիտրաժային տրիբունալի վճռի միայն այն մասը, որը ներառում է արբիտրաժային համաձայնությամբ չնախատեսված հարցեր, կամ
դ) արբիտրաժային տրիբունալի կազմը կամ ընթացակարգը չի համապատասխանել կողմերի արբիտրաժային համաձայնությանը կամ նման համաձայնության բացակայության դեպքում չի համապատասխանել վճռի կայացման երկրի օրենսդրությանը,
ե) վճիռը դեռևս չի դարձել պարտադիր կողմերի համար կամ չեղյալ է ճանաչվել, կամ դրա կատարումը կասեցվել է այն պետության դատարանի կողմից, որտեղ կամ որի իրավունքին համապատասխան` կայացվել է այդ վճիռը, կամ
-
դատարանը պարզի, որ`
ա) համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության` վեճի առարկան ենթակա չէ լուծման արբիտրաժի կողմից, կամ
բ) վճռի ճանաչումը կամ կատարումը հակասում է Հայաստանի Հանրապետության հանրային կարգին»:
Արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը մերժելը խոչընդոտ չէ արբիտրաժին կրկին դիմելու համար, եթե արբիտրաժին դիմելու հնարավորությունը սպառված չէ:
Այն դեպքում, երբ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժում է արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալն արբիտրաժային համաձայնությունն անվավեր ճանաչելու հետևանքով կամ այն հիմքով, որ վճիռ է կայացվել այնպիսի վեճի կապակցությամբ, որը նախատեսված չէր արբիտրաժային համաձայնությամբ կամ չի համապատասխանում նրա պայմաններին, կամ որոշում է այնպիսի հարցեր, որոնք դուրս են արբիտրաժային համաձայնության սահմաններից, ապա արբիտրաժային վարույթի կողմերը կարող են դիմել դատարան՝ իրենց մեջ առկա վեճը սույն օրենսգրքով նախատեսված ընդհանուր կանոնների համաձայն լուծելու համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 325-րդ հոդվածի համաձայն՝ եթե կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը մերժման հիմքեր չկան, ապա արբիտրաժի վճռի հակադիր կատարման համար կատարողական թերթ տալու մասին դատարանը կայացնում է որոշում:
Այդ որոշումը պետք է կայացվի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված կարգով և բովանդակությամբ:
Դատարանի որոշման մեջ պետք է նշվեն՝
- վճիռը կայացրած արբիտրաժի անվանումը, վայրը և կազմը,
- արբիտրաժային վարույթի կողմերի անունները (անվանումները), նրանց բնակության (գտնվելու) վայրը,
- արբիտրաժի վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը,
- դատարանի եզրահանգումը՝ արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու կամ կատարողական թերթ տալը մերժելու մասին:
Դատարանի որոշումը հրապարակվում է վճռի հրապարակման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով և օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Այս դեպքում ևս նշված չէ, թե որոշումը երբ և ում պետք է ուղարկվի:
Կարծում ենք՝ որոշումը հրապարակելուց անմիջապես հետո այն պետք է ուղարկվի արբիտրաժային վճռի կողմերին, ովքեր պետք է տեղյակ լինեն դատարանի կողմից կայացվող դատական ակտերի մասին:
Որոշումը կայացնելուց և այն հրապարակման պահից ուժի մեջ մտնելուց հետո, դատարանի կողմից, առանց այլ լրացուցիչ դիմումի, պետք է տրվի կատարողական թերթ՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 29.03.2018 թ.-ի N350-Ն որոշման հիման վրա և այդ մասին գրավոր տեղեկացվի դիմող կողմին:
ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԵՐԵՄ ԵՍՈՅԱՆ