ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ 60-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎ ՉԻԼԻՈՒՄ
2017 թվականի նոյեմբերի 12-16-ը Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում տեղի ունեցավ Դատավորների միջազգային միության տարեկան 60-րդ համաժողովը: Համաժողովի ներկաներին ողջունեց և զեկույցով հանդես եկավ Դատավորների միջազգային միության նախագահ Քրիստոֆ Ռեգնարդը:
Համաժողովի ընթացքում քննարկվեցին դատավորների և դատական իշխանության անկախության, Դատավորների միջազգային միության անդամ միությունների դատական համակարգերի վերաբերյալ մի շարք հարցեր, ինչպես նաև այլ միջազգային միությունների հետ համագործակցության խորացմանն առնչվող և այլ ընթացիկ հարցեր: Մասնավորապես՝ Առաջին ուսումնասիրող հանձնաժողովի քննարկման թեման էր «Դատական համակարգի անկախությանն ուղղված սպառնալիքները և արդարադատության որակը. ծանրաբեռնվածությունը, ռեսուրսները և բյուջեն»: Երկրորդ ուսումնասիրող հանձնաժողովում քննարկումներ ծավալվեցին «Տեխնոլոգիաների կիրառումը քաղաքացիական գործերի քննության ընթացքում» թեմայի շրջանակում: Երրորդ ուսումնասիրող հանձնաժողովի քննարկումները նվիրված էին «Հանցանք կատարած անձանց դատապարտումը» թեմային, իսկ չորրորդ ուսումնասիրող հանձնաժողովինը՝ «Ճկուն աշխատանքը և աշխատանքային հարաբերությունների զարգացող այլ տեսակները»:
Դատավորների անկախության ամրապնդման, դատավորի դերի ու հեղինակության բարձրացման կապակցությամբ Դատավորների միջազգային միության Կենտրոնական խորհրդի կողմից 1999թ. Թայվանում ընդունված «Դատավորի համընդհանուր խարտիա»-ի (այսուհետ՝ Խարտիա) տեքստում կատարված փոփոխությունները համաժողովը միաձայն հաստատեց ու ընդունեց: Հարկ է նշել, որ հիշյալ Խարտիայի փոփոխումների և լրացումների աշխատանքներին ակտիվ մասնակցություն է ցուցաբերել նաև ՀՀ դատավորների միությունը, որի արդյունքում, մասնավորապես՝ ՀՀ դատավորների միության նախկին նախագահ, ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանի առաջարկության հիման վրա Խարտիայի 8.3-րդ հոդվածը, որը վերաբերում է դատավորի՝ կենսաթոշակի անցնելուն, լրացվել է հետևյալ նախադասությամբ. «Նա (կենսաթոշակի անցած դատավորը) չի կարող զրկվել իր կենսաթոշակից միայն այն հիմքով, որ իրականացնում է այլ մասնագիտական գործունեություն» (տե՛ս «Դատավորի համընդհանուր խարտիա», հոդված 8.3):
Համաժողովի ընթացքում քննարկվեցին նաև Արևելյան Թիմորի, Գվինեա Բիսաուի և Լիբերիայի դատավորների միությունների՝ Դատավորների միջազգային միությանն անդամագրվելու հարցը: Քվեարկության արդյունքում որոշվեց վերոնշյալ 3 միություններին թույլատրել անդամակցել Դատավորների միջազգային միությանը:
Հիմք ընդունելով Դատավորների միջազգային միության Կանոնադրության 5.2 կետը և հաշվի առնելով Կամերունի դատավորների միության կողմից Դատավորների միջազգային միության անդամակցության տարեկան անդամավճարն ավելի քանի 4 տարի չվճարելու հանգամանքը՝ որոշվեց Կամերունի դատավորների միության անդամակցությունը Դատավորների միջազգային միությանը դադարեցնել:
Համաժողովը միաձայն որոշեց հաջորդ տարեկան համաժողովն անցկացնել Մարաքեշում (Մարոկկո) 2018 թվականի նոյեմբերին: