Հարկ վճարողի կողմից ժամանակին չկատարված հարկային պարտավորության գումարները գանձելու մասին անբողոքարկելի չդարձած որոշումը՝ որպես պարտապանին սնանկ ճանաչելու հիմք
Թիվ ԵԱՔԴ/0076/04/17 սնանկության գործով 2019 թվականի դեկտեմբերի 27-ին կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն իրավական դիրքորոշում է արտահայտել այն հարցի շուրջ, թե արդյո՞ք պարտապանին սնանկ ճանաչելու դիմումի հիմքում որպես անվիճելի վճարային պարտավորություն կարող է դրվել օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունն այն դեպքում, երբ իրավասու պետական մարմնի՝ նշված գումարները պարտապանից բռնագանձելու վերաբերյալ իրավահարաբերության ծագման պահին գործող <<Հարկերի մասին>> ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածով նախատեսված որոշումը չի դարձել անբողոքարկելի:
Վկայակոչված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով <<անվիճելի վճարային պարտավորություն>> եզրույթի բովանդակությանը, փաստել է, որ այն պարտավորությունը, որը վիճարկվում է պարտապանի կողմից, կամ որի դեմ պարտապանը ներկայացրել է առարկություն, անվիճելի է, եթե այդպիսի պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը): Հակառակ պարագայում, երբ այդպիսի պահանջի հիմքում դրված է համապատասխան օրենքից չբխող հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունը, և ապացուցվում է, որ տվյալ պահանջի դեմ պարտապանն ունի առարկելու բավարար հիմքեր, ապա պարտավորությունը դառնում է վիճելի:
Վճռաբեկ դատարանը գտել է, որ իրավասու մարմնի կողմից կայացված՝ հարկ վճարողի կողմից ժամանակին չկատարված հարկային պարտավորության գումարները գանձելու մասին որոշման առկայությունը դեռևս բավարար չէ, և անձին սնանկ ճանաչելու պարտավորության անվիճելիությունը կարող է արձանագրվել միայն այն դեպքում, երբ այդպիսի որոշումը միաժամանակ դարձել է անբողոքարկելի: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտել է, որ սնանկության գործի շրջանակներում իրավասու մարմնի կողմից կայացված՝ հարկ վճարողի կողմից ժամանակին չկատարված հարկային պարտավորության գումարները գանձելու մասին որոշում ներկայացված լինելու պարագայում սնանկության գործը քննող դատարանը պետք է գնահատի նաև այդ որոշման անբողոքարկելիությունը՝ համադրելով <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի իրավակարգավորումները գործի փաստական հանգամանքների հետ: