Գրավոր ընթացակարգ չի նշանակում ոչ հրապարակային. Վճռաբեկ դատարանը շեշտադրել է դատավարության մասնակիցների հավասարությունը

Հայկ Ջավախյանը, դիմելով դատարան, խնդրել է պատասխանող Վարդան Աբրահամյանին սնանկ ճանաչել: Դատարանը ճանաչել է: Հետո պարտատերերի ժողով են նշանակել՝  պահանջների վերջնական ցուցակը հաստատելու համար: Ժողովը հետաձգվել է, քանի որ Վարդան Աբրահամյանը միջնորդել է՝ երկարաձգել ֆինանսական առողջացման ծրագիր ներկայացնելու ժամկետը: Դատարանը բավարարել է միջնորդությունը: <<Առաջին հիփոթեքային ընկերություն>> ՈՒՎԿ-ն Վերաքննիչ դատարանից խնդրել է բեկանել դատարանի այդ վճիռը: Վերաքննիչը գրավոր ընթացակարգով քննել եւ բեկանել է:

Հայկ Ջավախյանն ու Վարդան Աբրահամյանը գործը տարել են վերին ատյան՝ Վճռաբեկ դատարան՝ հիմնավորելով, որ Վերաքննիչ դատարանն իրենց զրկել է վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու հնարավորությունից` խախտելով կողմերի հավասարության սկզբունքը:

Վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ սնանկության վարույթը չի սահմանափակվում միայն պարտապանին սնանկ ճանաչելով և ավարտելով, այն պետք է ընդգրկի նաև ֆինանսական առողջացման բաղադրիչ՝ հաշվի առնելով, որ դա լրացուցիչ հնարավորություն է պարտապանի ֆինանսական առողջացման համար, ինչը սնանկության վարույթի նպատակներից մեկն է:

Վճռաբեկ դատարանը նաև փաստել է, որ գրավոր ընթացակարգով գործի քննությունն ինքնին չի կարող խախտել գործի հրապարակային քննության իրավունքը, բոլոր դեպքերում՝ թե՛ բանավոր և թե՛ գրավոր ընթացակարգով գործերի դատաքննությունը պետք է անհրաժեշտ երաշխիքներ ապահովի դատաքննության մասնակիցների իրավունքների իրացման համար:

Այնինչ,                այս դեպքում՝ Վերաքննիչ դատարանը դատական ակտի հրապարակման օրվա վերաբերյալ ծանուցագիրը Հայկ Ջավախյանին և Վարդան Աբրահամյանին ուղարկել է այդ որոշման  հրապարակումից հետո` զրկելով նրանց վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու հնարավորությունից եւ թույլ տալով դատավարության մրցակցության և դատավարության մասնակիցների հավասարության սկզբունքների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Բողոքի մյուս փաստարկներին Վճռաբեկ դատարանը չի անդրադարձել, քանի որ Վերաքննիչ դատարանը, կողմերին բողոքի հնարավորությունից զրկելով, հնարավորություն չի ունեցել դրանք քննելու: 

Հետեւաբար, Վճռաբեկ դատարանը բավարարել է բողոքները, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության՝ Հայկ Ջավախյանի և Վարդան Աբրահամյանի դատավարական իրավունքների իրացումն արդյունավետ կերպով ապահովելու համար:

Վերաքննիչ դատարանի կողմից գրավոր ընթացակարգով վերաքննիչ բողոքի քննությունն իրականացնելիս դատավարության մասնակցի կողմից վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքի իրացման ապահովման խնդիրը

 Թիվ ԵԿԴ/0612/04/16 սնանկության գործով 2019 թվականի ապրիլի 16-ի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն իրավական դիրքորոշում է հայտնել վերաքննիչ դատարանի կողմից գրավոր ընթացակարգով բողոքի քննության ընթացակարգի վերաբերյալ:

ՀՀ վճռաբեկ դատարանը ՀՀ սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո նախ և առաջ փաստել է, որ գրավոր ընթացակարգով վերաքննիչ բողոքի քննությունը չի խախտում անձի դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքները, եթե վերջինիս համար ապահովվում են իր իրավունքների իրացման համար իրական երաշխիքներ:

ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ օրենսդիրն ապահովել է, մասնավորապես, վերաքննիչ բողոքի պատասխան ներկայացնելու իրավունքի արդյունավետ իրացման անհրաժեշտ նախադրյալներ դատավարության մասնակցի համար: ՀՀ վճռաբեկ դատարանը կարևորել է, որ վերաքննիչ դատարանն իր հայեցողական լիազորությունն իրականացնելիս (մասնավորապես` բողոքի քննությունը դատական նիստում կամ գրավոր ընթացակարգով քննելու մասին որոշում կայացնելիս) պարտավոր է այնպես կազմակերպել բողոքի քննության համար նախատեսված ժամկետները (այդ թվում` դատական ակտի հրապարակման օրը որոշելիս), որպեսզի դատավարության որևէ մասնակից մյուսի համեմատ չգտնվի էականորեն նվազ բարենպաստ վիճակում:

Սնանկության գործ թիվ ԵԿԴ/0612/04/16 2019