ԴԱՀԿ-ն ինչպես կարող է մտնել ոչ պարտապանի տարածք եւ գույք բռնագրավել. Վճռաբեկ դատարանը լրացրել է օրենքի բացը
Եղեգնուտի ավազահանքերից մեկը սնանկացել է և պահանջատերերից երկուսը դիմել են դատարան՝ ավազի լվացման եւ տեսակավորման սարքավորումներն իրենց հանձնելու պահանջով: Դատարանը հայցը բավարարել է, գույքը վերցրել են: Մի քանի տարուց Եղեգնուտի համայնքապետն է բողոքել, որ սարքավորումները իրենց գյուղի թալանված գործարանինն են, ԴԱՀԿ-ն վերսկսել է վարույթը, <<Գույքը հանձնելու մասին>> որոշում կայացրել, սարքավորումները հանձնել Եղեգնուտ համայնքին՝ ի տնօրինություն:
Պահանջատերերը այդ որոշման դեմ վարչական դատարան են դիմել, շահել դատը, բայց երբ կատարողական թերթը ձեռքին գնացել են համայնքին պատկանող տարածք՝ սարքավորումները հետ վերցնելու, ԴԱՀԿ ծառայողներին թույլ չեն տվել այնտեղ մտնել՝ պատճառաբանելով, որ համայնքը պարտապան չէ, համայնքապետն էլ համաձայն չէ, որ մտնեն: Երբ ԴԱՀԿ-ն դիմել է դատարան՝ խնդրելով թույլատրել մուտք գործել տարածք, պարզվել է օրենսդրությունը թույլ չի տալիս, որ Վարչական դատարանն այդպիսի դիմում քննի: Վարչական վերաքննիչ դատարանը նույնպես բողոքը վարույթ չի ընդունել:
Ստացվել է փակուղի՝ պահանջատերերը դատարանի տրամադրած կատարողական թերթիկը ձեռքին չեն կարողացել մտնել ոչ պարտապանի տարածք՝ իրենց գույքը վերցնելու, դատարանն էլ իրավունք չի ունեցել հայցը վարույթ ընդունել:
Բանն այն է, որ պարտապանին պատկանող բնակարան կամ շինություն հարկադիր կատարողը կարող է մտնել նաեւ առանց թույլտվության, բայց պարտապան չհանդիսացող անձի տարածք չի կարող մտնել, մինչեւ նա թույլ չտա կամ դատարանը չորոշի: Օրենսդիրը, սակայն, չի սահմանել, թե կոնկրետ որ դատարանը պետք է տա այդ թույլտվությունը: Օրենսդրական կարգավորումներ չկան նաեւ ոչ պարտապանի բնակարան կամ շինություն կատարողական թերթով մտնելը թույլատրելու մասին հարկադիր կատարողի դիմումի քննության կարգի, ժամկետների եւ կայացված դատական ակտի բողոքարկման մասին:
Վճռաբեկ դատարանը լրացրել է օրենքի բացը՝ նախադեպային որոշմամբ:
Իրավական այս անորոշության պայմաններում ստորադաս դատարանների ոչ միատեսակ մոտեցման վտանգը կանխելու համար Վճռաբեկ դատարանը վկայակոչել է համանման հարաբերությունները կարգավորող իրավական այլ նորմեր եւ հանգել եզրակացության. դիմումը պետք է քննի կատարողական թերթ տված դատարանը՝ դատական նիստում, դրա ժամանակի եւ վայրի մասին պետք է պատշաճ տեղեկացվեն հարկադիր կատարողը, պահանջատերը եւ պարտապանը, տվյալ բնակարանի կամ շինության սեփականատերը, իսկ դիմումը պետք է քննվի անկախ ծանուցված անձանց ներկայանալուց կամ չներկայանալուց: Դիմումը պետք է քննվի այն ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում, կայացվի որոշում, որը ենթակա է բողոքարկման:
Տվյալ գործով՝ Վճռաբեկ դատարանը գտել է, որ Վերաքննիչը պարտավոր էր առաջնորդվել անձի դատական պաշտպանության եւ սեփականության իրավունքի պաշտպանության առաջնահերթությամբ եւ ներկայացված վերաքննիչ բողոքն ընդունել վարույթ:
Նաեւ արձանագրել, որ առանց դատական ակտերի պատշաճ կատարման դատավարությունն արդյունավետ չի լինի եւ չի հասնի իր նպատակին:
Վճռաբեկ դատարանը գործն ուղարկել է Վերաքննիչ ատյան նոր քննության՝ նախադեպային այս որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո:
Կատարողական գործողությունների կատարման նպատակով պարտապան չհանդիսացող անձին պատկանող բնակարան կամ շինություն մուտք գործելը թույլատրելու մասին հարկադիր կատարողի դիմումի քննության առանձնահատկությունները
Թիվ ՎԴ/3973/05/15 վարչական գործով 2019 թվականի մարտի 29-ին կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն իրավական դիրքորոշում է արտահայտել կատարողական գործողությունների կատարման նպատակով պարտապան չհանդիսացող անձին պատկանող բնակարան կամ շինություն մուտք գործելը թույլատրելու մասին հարկադիր կատարողի դիմումի քննության առնչությամբ ծագող հետևյալ հարցադրումների վերաբերյալ.
- ո՞ր դատարանին է ընդդատյա վերը նշված դիմումի քննությունը,
- ի՞նչ կարգով և ի՞նչ ժամկետներում է քննվում այդ դիմումը,
- այդ դիմումի քննության արդյունքում կայացված դատական ակտը ենթակա՞ է արդյոք բողոքարկման,
- դիմումի քննությունը մերժելու մասին վարչական դատարանի որոշումը ենթակա՞ է արդյոք բողոքարկման վերաքննության կարգով:
Վկայակոչված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը չի կարգավորել, թե որ դատարանի քննությանն է ընդդատյա և ինչ կարգով ու ինչ ժամկետում պետք է քննվի կատարողական թերթով պարտապան չհանդիսացող անձին պատկանող բնակարան կամ շինություն մուտք գործելը թույլատրելու մասին հարկադիր կատարողի դիմումը, ինչպես նաև այդ դիմումների քննության արդյունքում կայացված դատական ակտերի բողոքարկման ենթակա լինելու կամ չլինելու հարցը: Նպատակ ունենալով հաղթահարել օրենսդրական կարգավորման նշված բացը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վերոգրյալ հարցերին վերաբերող հասարակական հարաբերությունների նկատմամբ պետք է կիրառվեն համանման հարաբերություններ կարգավորող իրավական նորմերը, այսինքն՝ (ա) դատական ակտի կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, դրա կատարման եղանակն ու կարգը փոփոխելու, (բ) կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը վերականգնելու, (գ) կատարողական թերթը պարզաբանելու վերաբերյալ դիմումների քննությանը վերաբերող հասարակական հարաբերությունները կարգավորող կանոնները:
Ըստ այդմ, ՀՀ վճռաբեկ դատարանը հանգել է այն եզրակացության, որ կատարողական գործողությունների կատարման նպատակով պարտապան չհանդիսացող անձին պատկանող բնակարան կամ շինություն մուտք գործելը թույլատրելու մասին հարկադիր կատարողի դիմումի ընդդատությանը, քննության կարգին, ժամկետներին ու կայացված դատական ակտերի բողոքարկմանը վերաբերող հասարակական հարաբերությունները պետք է կարգավորվեն հետևյալ կերպ.
- այդ դիմումը ներկայացվում է կատարողական թերթ տված դատարան և քննվում է կատարողական թերթ տված դատարանի կողմից,
- դիմումը քննվում է դատական նիստում,
- դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացվում են հարկադիր կատարողը, պահանջատերը և պարտապանը, ինչպես նաև տվյալ բնակարանի կամ շինության սեփականատերը, իսկ դիմումը քննվում է անկախ ծանուցված անձանց ներկայանալուց կամ չներկայանալուց,
- դիմումը քննվում է այն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում,
- դիմումի քննության արդյունքում դատարանը կայացնում է որոշում,
- դիմումի քննության արդյունքում դատարանի կայացրած որոշումը ենթակա է բողոքարկման: