Վճռաբեկ դատարանը Քաղաքապետարանին ազատեց պետտուրք վճարելուց

Դիմելով դատարան` Հայկ Օհանյանը պահանջել է անվավեր ճանաչել Քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության «Վարչական տույժ նշանակելու մասին» որոշումը: ՀՀ վարչական դատարանի որոշմամբ` վարչական գործի վարույթը կարճվել է և Քաղաքապետարանից պետբյուջե բռնագանձվել 4.000 դրամ` որպես պետական տուրքի գումար: Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի որոշումը` դատական ծախսերի մասով, թողնվել է անփոփոխ: Ապա վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը:

Հիմնավորել է, որ Քաղաքապետարանը չէր կարող կրել հայցադիմումի համար սահմանված պետական տուրքը փոխհատուցելու պարտականություն ու պահանջել բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը, փոփոխել այն և ՀՀ վարչական դատարանում պետական տուրքի հարցը համարել լուծված: Վճռաբեկ դատարանը, հակառակ ստորադաս դատարանների, որոշեց բավարարել բողոքը:

Վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճելիս դատական ծախսերի բաշխման առանձնահատկությունները պետական տուրք վճարելու պարտականությունից հայցվորի ազատված լինելու պայմաններում

Թիվ ՎԴ/1115/05/16 վարչական գործով 2018 թվականի նոյեմբերի 30-ին կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն իրավական դիրքորոշում է արտահայտել այն հարցադրման կապակցությամբ, թե արդյո՞ք պատասխանող վարչական մարմինը պարտավոր է պետությանը հատուցել վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտը վիճարկելու պահանջով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքի գումարը, որի վճարումից հայցվորն ազատված է օրենքի ուժով, եթե վարչական գործի վարույթը կարճվում է այդ գործի քննության ընթացքում վարչական մարմնի նախաձեռնությամբ վիճարկվող վարչական ակտն անվավեր ճանաչվելու պատճառով վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով:

Վկայակոչված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ եթե ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ վեճն ըստ էության սպառված լինելու հիմքով գործի վարույթը կարճելիս դատական ծախսերի հատուցման պարտականությունը դրվում է պատասխանող վարչական մարմնի վրա, ապա վերջինս պարտավոր չէ պետությանը հատուցել վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտը վիճարկելու պահանջով դատարան դիմելու համար սահմանված պետական տուրքի գումարը, որի վճարումից հայցվորն ազատված է օրենքի ուժով: Նշված եզրահանգման համար ՀՀ վճռաբեկ դատարանը հիմք է ընդունել այն հանգամանքը, որ դատական ծախսերի հատուցման պարտականություն կրող կողմը պարտավոր է հատուցել միայն այն դատական ծախսերը, որոնք մյուս կողմը կրել է կամ կրելու է դատարան դիմելու (դատական պաշտպանության իրավունքն իրականացնելու) համար, իսկ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական ակտի վիճարկման պահանջով հայցադիմում ներկայացնելու համար պետական տուրք վճարելու պարտականությունից ազատված լինելու պայմաններում հայցվորը դատարան դիմելու համար պետական տուրքի գծով դատական ծախս չի կատարում և չի կատարելու:

Վարչական գործ թիվ ՎԴ/1115/05/16