Վճռաբեկ դատարանը նոր քննության ուղարկեց Արևիկ-Բրիդջի գործը
Հայ-անգլիական <<Արևիկ-Բրիդջ>> ընկերության հիմնադիր եւ 55%-ի բաժնետեր Գեւորգ Դավթյանը, ում հարկային պարտավորությունները ավելացված արժեքի հարկի գծով կազմել են 35.864.932 դրամ, դիմել է դատարան եւ պահանջել վերացնել ՀՀ ֆինանսների նախարարության Մաշտոցի հարկային տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Կիրակոսյանի որոշումը` իրենից վճարման ենթակա գումարը գանձելու մասին: ՀՀ վարչական դատարանի վճռով հայցը բավարարվել է` որոշումը ճանաչվել է անվավեր:
Վերաքննիչ դատարանը այն անփոփոխ է թողել: Կոմիտեն վճռաբեկ բողոք է ներկայացրել: Վճռաբեկը բողոքը բավարարել է, բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:
Վարչական դատավարության առանձին փուլերում գործն ի պաշտոնե ("ex officio") քննելու սկզբունքի դրսևորման առանձնահատկությունները
Թիվ ՎԴ/2976/05/15 վարչական գործով 2018 թվականի նոյեմբերի 30-ին կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն իրավական դիրքորոշում է արտահայտել վարչական դատավարության առանձին փուլերում գործն ի պաշտոնե ("ex officio") քննելու սկզբունքի դրսևորման առանձնահատկությունների վերաբերյալ:
Այսպես՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վիճարկման հայցի հիման վրա հարուցված գործի շրջանակներում նախնական դատական նիստում վարչական դատարանը մատնանշման իր լիազորությունն իրացնելիս պետք է մատնանշի նաև ողջամտորեն հնարավոր բոլոր այն իրավական նորմերը, որոնց խախտումը կարող է հիմք հանդիսանալ վարչական ակտի անվավերության համար, և առաջարկի հայցվորին դրանք համալրել համապատասխան փաստական տվյալներով: Միաժամանակ, ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի, հետագա դատավարական գործողությունների իրականացման ժամանակ վարչական դատարանը կաշկանդված է տնօրինչականության սկզբունքով: Մասնավորապես՝ այն դեպքում, երբ հայցվորը պնդում է, որ վարչական ակտի իրավաչափությունը պետք է գնահատվի միայն որոշակի իրավական նորմի և ըստ այդմ ներկայացված փաստական հանգամանքների շրջանակներում, վարչական դատարանը վարչական ակտի իրավաչափությունը պետք է գնահատի միայն այդ իրավական և փաստական հիմքերի շրջանակներում: Մինչդեռ այն դեպքում, երբ հայցվորը ևս գտնում է, որ վարչական ակտի իրավաչափությունը պետք է ստուգվի ամբողջ ծավալով, դատարանը պարտավոր է ձեռնարկել ողջամտորեն հնարավոր բոլոր միջոցները վարչական ակտի իրավաչափությունն ամբողջ ծավալով գնահատելու համար անհրաժեշտ ապացույցներն ու տեղեկությունները ձեռք բերելու ուղղությամբ:
Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը, զարգացնելով ՀՀ առողջապահության նախարարությունն ընդդեմ «Ռեվերդի» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/3271/05/12 վարչական գործով 18.07.2014 թվականին կայացրած որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, գտել է, որ գործի վերաքննության փուլում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("ex officio") սկզբունքի բովանդակությունը հանգում է հետևյալին. վերաքննիչ դատարանը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերն ըստ էության քննության առարկա դարձնելու համար՝ անկախ այն հանգամանքից, թե վերաքննիչ բողոքում վկայակոչված այս կամ այն հիմքը վարչական դատարանում քննարկվել է, թե՝ ոչ: Իսկ այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքում վկայակոչված չէ այնպիսի հիմք, որի վերաբերյալ վարչական դատարանում քննություն չի իրականացվել, ապա վերաքննիչ դատարանը չի կարող դուրս գալ վարչական դատարանում գործի քննության շրջանակներից և կայացնել դատական ակտ վերաքննիչ բողոքում չվկայակոչված և վարչական դատարանում քննության առարկա չդարձված հիմքով: