Վճռաբեկ դատարանը Քնարիկ Հովհաննիսյանին սնանկ չճանաչեց
Քնարիկ Հովհաննիսյանը Նուբարաշենի Ե-6 թաղամասի թիվ 1 հասցեում գտնվող հողամասի հողի հարկի դիմաց պարտք էր մնացել 3.355 դրամ (2014-2017 թվականների համար), 4-րդ փողոցի թիվ 10 հասցեում գտնվող հողամասի հողի հարկի գծով` 1.369.488 դրամ (2010-2017 թվականների համար), իսկ նույն փողոցի թիվ 10 հասցեի գույքահարկի գծով` 147.384 դրամ (2010-2017 թվականների համար): Նրանից` 2008-2012 թվականների համար հողի հարկի գծով 336.683 դրամ հարկային պարտավորությունները բռնագանձելու պահանջի մասին դատարանի վճիռը բավարարվել էր մասնակիորեն`
բռնագանձվել էր 290.820 դրամ: Մասնակի բավարարվել էր նաեւ նույն դատարանի մեկ այլ վճիռ`2008-2013 թվականների համար գույքահարկի գծով 152.135 դրամ հարկային պարտավորությունները բռնագանձելու պահանջի մասին. Քնարիկ Հովհաննիսյանից հօգուտ Երևան համայնքի բռնագանձվել էր 98.255 դրամ: 2017-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարան դիմելով` Երեւան համայնքը պահանջել է նրան սնանկ ճանաչել` պատճառաբանելով, որ նա չի կատարել հարկային պարտավորությունները, որի հետեւանքով 60-օրյա ժամկետը գերազանցող դրամական պարտավորությունները Երևան համայնքի հանդեպ գույքահարկի գծով կազմել են 128.531 դրամ, իսկ հողի հարկի գծով` 1.223.280 դրամ: Դատարանը բավարարել է որոշումը եւ նրան սնանկ ճանաչել: Քնարիկ Հովհաննիսյանը բողոքը տարել է Վերաքննիչ ու մերժվել: Վճռաբեկ դատարանը, սակայն, հակառակ որոշում է կայացրել. բեկանել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը և մերժել Երևան համայնքի դիմումը` Քնարիկ Հովհաննիսյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին:
Պարտապանին սնանկ ճանաչելու դիմումի հիմքում օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունը` որպես անվիճելի պարտավորություն, վկայակոչելու առանձնահատկությունները
Թիվ ԵԱՔԴ/0210/04/17 սնանկության գործով 2018 թվականի դեկտեմբերի 06-ին կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն իրավական դիրքորոշում է արտահայտել օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության պայմաններում պարտապանին սնանկ ճանաչելու հիմքի առանձնահատկությունների, ինչպես նաև պարտապանին սնանկ ճանաչելու դիմումի հիմքում որպես անվիճելի վճարային պարտավորություն օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունը դնելու դեպքում դրա վերաբերյալ վարչական ակտի առկայության անհրաժեշտության վերաբերյալ:
Վկայակոչված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես, արձանագրել է, որ երբ պարտապանին սնանկ ճանաչելու դիմումի հիմքում դրված է պարտապանի` օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունը, սակայն դրա վերաբերյալ առկա է չվճարված հարկի, տուրքի կամ պարտադիր այլ վճարի բռնագանձման վճիռ, որը չի կատարվել, ապա այդ գումարը դադարում է պարզապես չվճարված հարկի, տուրքի կամ այլ վճարի գումար դիտարկվելուց, այն դառնում է համապատասխան պետական մարմնի օգտին բռնագանձման ենթակա գումար, որը չվճարելու դեպքում հարկ վճարողն արդեն խախտում է վճռի պարտադիրության և կատարելիության հատկանիշները: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ նման պայմաններում պարտապանին սնանկ ճանաչելու դիմումի հիմքում պետք է դրվի «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետը, այն է` վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով, քանի որ նշված դեպքում հարկ վճարողը ոչ թե պարզապես հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարները չի վճարում, այլ խախտում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով իր վրա դրված դրամական պարտավորությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ այն դեպքում, երբ սնանկ ճանաչելու դիմումի հիմքում պարտատիրոջ կողմից դրվել են պարտապանի` օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտականությունից բխող պարտավորությունները, ապա պարտավորությունների փաստացի կատարված չլինելու հանգամանքի վկայակոչումը միայն բավարար չի կարող լինել պարտավորության անվիճելիությունը հաստատված համարելու համար, քանի որ համապատասխան վարչական մարմինը, հիմք ընդունելով իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի իրավակարգավորումը, պետք է կայացներ չվճարված հարկերը բռնագանձելու մասին որոշում: Հետևաբար առանց նման որոշման կայացման և դրա` անբողոքարկելի դառնալու, համապատասխան պետական մարմինը չէր կարող վկայակոչել պարտապանի` հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտավորության անվիճելիությունը: