Վճռաբեկ դատարանը քաղաքացուն պաշտպանեց Քաղաքապետարանից
Գեորգի Թովմասյանին Երևանի քաղաքապետարանը տրամադրել էր ճարտարապետահատակագծային առաջադրանք` Բաբաջանյան փողոցի իր սեփականություն հողամասի վրա անավարտ շինությունները վերակառուցելու, առևտրի և վարչատնտեսական շենք կառուցելու համար: Բայց պայման էր դրել, երբ հետագայում Երևանի գլխավոր հատակագծով այդ տարածքում տրանսպորտային հանգույց կառուցվի, Թովմասյանը շինությունների դիմաց փոխհատուցում չպահանջի:
Նա էլ դիմել էր դատական պաշտպանության եւ շահել. Քաղաքապետարանին պարտավորեցրել էին վերացնել ապօրինի պահանջը: Քաղաքապետարանը լուծումը գտավ. հարուցեց վարչական վարույթ եւ անվավեր ճանաչեց ճարտարապետահատակագծային առաջադրանքը՝ իբրեւ վարչական ակտ։ Թովմասյանը նորից դիմեց դատարան: ՀՀ վարչական դատարանը վճռեց մերժել նրա հայցը քաղաքապետի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Վերաքննիչը, սակայն, փոփոխեց ստորադաս դատարանի դատական ակտը եւ Գեորգի Թովմասյանի հայցը բավարարեց: Ապա այս գործով վճռաբեկ բողոք ներկայացրեց Քաղաքապետարանը: Պատճառաբանեց` Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ ճարտարապետահատակագծային առաջադրանքը վարչական ակտ է: Վճռաբեկը հակառակ դիրքորոշում հայտնեց` Գեորգի Թովմասյանին տրամադրված ճարտարապետահատակագծային առաջադրանքը վարչական ակտ չէ: Ավելին, Գեորգի Թովմասյանին արդեն իսկ տրամադրված ճարտարապետահատակագծային առաջադրանքն անվավեր ճանաչելու արդյունքում տեղի է ունեցել ոչ իրավաչափ միջամտություն շինարարության թույլտվության ընդունմանն ուղղված վարչական վարույթի բնականոն ընթացքի նկատմամբ: Վճռաբեկը բողոքը մերժեց եւ ուժի մեջ թողեց Վերաքննիչ դատարանի որոշումը:
ճարտարապետահատակագծային առաջադրանքի իրավաբանական բնույթն ու նշանակությունը
Թիվ ՎԴ/3310/05/15 վարչական գործով 2018 թվականի նոյեմբերի 30-ին կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն իրավական դիրքորոշում է արտահայտել այն հարցադրման կապակցությամբ, թե արդյո՞ք ճարտարապետահատակագծային առաջադրանքը կարող է համարվել վարչական ակտ և անվավեր ճանաչվել վարչական ակտի անվավերության համար օրենքով սահմանված հիմքերով:
Վկայակոչված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, ճարտարապետահատակագծային առաջադրանքը (կամ նախագծման թույլտվությունը) դիտարկելով շինարարության թույլտվության տրամադրմանն ուղղված վարչական վարույթի համատեքստում, գտել է, որ ճարտարապետահատակագծային առաջադրանքը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում վարչական ակտ չէ, քանի որ այն չի համապատասխանում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վարչական ակտի բոլոր հատկանիշներին: Մասնավորապես՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքը չի ընդունվում հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով: Ըստ այդմ, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ճարտարապետահատակագծային առաջադրանքը (կամ նախագծման թույլտվությունը) չի կարող վարչական կամ դատական կարգով անվավեր ճանաչվել վարչական ակտի անվավերության համար «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերով, քանի որ այն Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում ոչ թե վարչական ակտ է, այլ վարչական ակտի՝ շինարարության թույլտվության ընդունմանն ուղղված վարչական վարույթի ընթացիկ փուլում տրամադրվող փաստաթուղթ, որն անհրաժեշտ նախադրյալ է հանդիսանում այդ վարույթի եզրափակման՝ շինարարության թույլտվության տրամադրման համար: