Վճռաբեկ դատարանը պարտավորեցրեց վճարել հաշմանդամության կենսաթոշակը
Երկրորդ կարգի հաշմանդամ Արմեն Մելկումը 1999 թվականից ստացել է հաշմանդամության իր կենսաթոշակը: Շերամի փողոցի բնակարանում միայնակ ապրող Մելկումին 2013 թվականի մայիսից դադարում են վճարել ամսական 31.962 դրամ թոշակը՝ պատճառաբանելով որ բանկում հաշվեհամարը բացել է զինվորական գրքույկի և անվավեր սոցիալական քարտի հիման վրա. անձնագրի ժամկետն ավարտվել է։ Արմեն Մելկումը դիմում է դատարան՝
ընդդեմ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության ծառայության. երրորդ կողմ է հանդես գալիս ՀՀ ֆինանսների նախարարությունը: Վարչական դատարանը գործը վճռում է ի նպաստ Մելկումի, մասնակի բավարարում է հայցը եւ Ծառայությանը պարտավորեցնում 2013 թվականից սկսած վճարել կենսաթոշակը՝ պատճառաբանելով, որ զինվորական գրքույկը նույնպես անձը հաստատող փաստաթուղթ է: Նախարարությունները բողոքարկում են: Վերաքննիչը նախարարությունների օգտին է որոշում կայացնում՝ պատճառաբանելով, որ զինվորական գրքույկը անձը հաստատող փաստաթուղթ է միայն ժամկետային զինծառայողների համար: Գործը հասնում է վերին ատյան: Վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում է կայացնում, որը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառման համար՝ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի վճարումը դադարեցնելու գործերով: Վճռաբեկը գտնում է, որ անձնագրի վավերականության ժամկետի ավարտվելը անձին կենսաթոշակից զրկելու հիմք չէ, քանի որ այդ կերպ նա չի դադարում հաշմանդամ լինել եւ ունենալ աշխատանքային որոշակի ստաժ. հաշմանդամության կենսաթոշակը նշանակվում և վճարվում է հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար: Վճռաբեկը որոշում է բողոքը բավարարել, օրինական ուժ տալ Վարչական դատարանի վճռին և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը պարտավորեցնել վճարել Արմեն Մելկումի սեփականությունը հանդիսացող կենսաթոշակը՝ 2013 թվականից մինչև ամբողջական փաստացի վճարման պահը:
Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի վճարումը դադարեցնելու իրավական հիմքերը և առանձնահատկությունները
Թիվ ՎԴ/2168/05/14 վարչական գործով 2018 թվականի նոյեմբերի 30-ին կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն իրավական դիրքորոշում է արտահայտել այն հարցադրման կապակցությամբ, թե արդյո՞ք հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի վճարումը կարող է դադարեցվել կենսաթոշակառուի անձը հաստատող փաստաթղթի` ՀՀ քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետն ավարտվելու հիմքով այն պայմաններում, երբ անձի` կենսաթոշակ ստանալու իրավունքը չի դադարեցվել:
Վկայակոչված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ նշանակված կենսաթոշակի վճարումը կարող է դադարեցվել բացառապես օրենքով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում, իսկ այդ հիմքերի բացակայության պայմաններում կենսաթոշակի (այդ թվում նաև` հաշմանդամության) վճարման դադարեցումը ոչ իրավաչափ միջամտություն է կենսաթոշակառուի` ՀՀ Սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) թիվ 1 Արձանագրությամբ երաշխավորված սեփականության իրավունքի նկատմամբ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կենսաթոշակառուի անձնագրի վավերականության ժամկետն ավարտվելը նախատեսված չէ կենսաթոշակի վճարման դադարեցման հիմքերի շարքում, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ կենսաթոշակի (այդ թվում նաև` հաշմանդամության) վճարման ենթակա լինելու ժամանակահատվածի ընթացքում կենսաթոշակառուի անձնագրի վավերականության ժամկետն ավարտվելու հիմքով կենսաթոշակի վճարումն իրավասու վարչական մարմնի կողմից դադարեցնելը ոչ իրավաչափ վարչարարություն է, որը հանգեցնում է կենսաթոշակառուի` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայի թիվ 1 Արձանագրությամբ երաշխավորված սեփականության իրավունքի խախտման: