Վճռաբեկ դատարանը ՀՔԾ-ին պարտավորեցրեց տեղեկատվություն տրամադրել
<<Իրավունքի Եվրոպա միավորումը>> դիմել էր Հատուկ քննչական ծառայություն՝ խնդրելով թույլատրել դիտորդական առաքելություն իրականացնել ծառայողի թափուր պաշտոնի համալրման բաց մրցույթում: ՀՔԾ-ն մերժել էր` պատճառաբանելով, որ կազմակերպության ներկայացուցիչները հրավիրված դիտորդներ չեն: Մրցույթի օրը իրավապաշտպան կազմակերպության որոշ անդամներ ilur.am-ի եւ news.am-ի լրագրողների հետ փորձել էին մուտք գործել և հետեւել մրցույթին:
Նրանց թույլ չէին տվել: Իրավապաշտպան կազմակերպությունը այնուհետեւ դիմել էր ՀՔԾ` խնդրելով տրամադրել մրցութային փաստաթղթերը, այդ թվում՝ անձնական թերթիկները, հանձնաժողովի արձանագրությունները, հանձնաժողովների գնահատման թերթիկները և այլն։ Պատասխանել էին, որ դրանք անձնական կյանքին վերաբերող տվյալներ են և չեն կարող տրամադրվել: Կրկին դիմելուց հետո ՀՔԾ-ից պատասխանել էին, որ քննիչների նշանակման և ազատման կարգը, մրցութային հանձնաժողովների ձևավորման կարգը, ինչպես նաև ծրագիր-հարցաշարը հրապարակված են investigatory.am կայքում։ Իրավապաշտպան կազմակերպությունն ու լրատվամիջոցները դիմել էին դատարան` ընդդեմ ՀՔԾ-ի գործողությունների: Վարչական դատարանը մերժեց հայցը: 4 տարի շարունակվող դատաքննությունները` Վերաքննիչ, հետո էլի Վարչական, 2018-ին հասան Վճռաբեկ, որն էլ նախադեպային որոշում կայացրեց` վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Ոչ իրավաչափ ճանաչեց ՀՀ հատուկ քննչական ծառայության մերժումը, այն է՝ տեղեկատվություն տրամադրելը մերժելու գործողությունները, ինչպես նաև դիտորդական առաքելություն իրականացնելուն խոչընդոտելու գործողությունները և ՀՀ հատուկ քննչական ծառայությանը պարտավորեցրեց տրամադրել դիմումներով խնդրարկված տեղեկատվությունը:
Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց կամ նման պաշտոններ զբաղեցնելուն հավակնող անձանց վերաբերյալ տեղեկություն տրամադրելու առանձնահատկությունները
Թիվ ՎԴ/0243/05/15 վարչական գործով 2018 թվականի նոյեմբերի 30-ին կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն իրավական դիրքորոշում է արտահայտել պետական պաշտոններ զբաղեցնող անձանց կամ նման պաշտոններ զբաղեցնելուն հավակնող անձանց վերաբերյալ տեղեկություն տրամադրելու առանձնահատկությունների վերաբերյալ:
Վկայակոչված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես, արձանագրել է, որ տեղեկություն որոնելու և ստանալու իրավունքը հանդիսանում է արտահայտվելու ազատության իրավունքի բովանդակությունը կազմող տարր, որը ներառում է հասարակության, ինչպես նաև անհատի հիմնական իրավունքը՝ հանրային շահի վերաբերյալ փնտրել և ստանալ տեղեկություն: ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ արտահայտվելու իրավունքն անձի՝ <<Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին>> եվրոպական կոնվենցիայով և ՀՀ Սահմանադրությամբ պաշտպանվող հիմնարար իրավունքներից մեկն է: Արտահայտվելու իրավունքը ներառում է նաև պետական մարմիններից տեղեկություն ստանալու իրավունքը, ներառյալ՝ երբ նշված տեղեկությունը վերաբերում է հանրային շահերին, որպիսի իրավունքի պատշաճ իրացման համար պետական մարմինները պետք է զերծ մնան օրենքով չնախատեսված միջամտությունից:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է նաև, որ պետական պաշտոններ զբաղեցնող անձանց կամ նման պաշտոններ զբաղեցնելուն հավակնող անձանց վերաբերյալ տեղեկատվությունները, ՀՀ Սահմանադրությամբ սահմանված սահմանափակումների նպատակները հաշվի առնելով, պետք է լինեն բաց, թափանցիկ: Դրանք պետք է վերաբերեն ոչ թե վերջիններիս միջանձնային հարաբերություններում դրսևորվող անձնական կյանքին, այլ նրանց հանրային-իրավական պատասխանատվության ստանձնման պիտանելիությունը գնահատող որակներին: Ուստի նման տվյալները պետք է ներառվեն տվյալ անձի անձնական գործում, ենթակա լինեն տրամադրման հավակնորդներին, երրորդ անձանց, այդ թվում՝ կանոնադրական համապատասխան իրավասությամբ օժտված հասարակական կազմակերպություններին:
Վարչական գործ թիվ ՎԴ/0243/05/15