Միջազգային գործընկերների շրջանակում շարունակելու ենք բարձրաձայնել Ադրբեջանի դատական համակարգի անկախության բացակայության վերաբերյալ խնդիրները
Դեռևս 2024 թվականի հոկտեմբերին Քեյփ Թաունում տեղի ունեցած Դատավորների միջազգային միության (IAJ) համաժողովին ընդառաջ, անդամակցող 94 երկրների պատվիրակներին տրամադրվել է ՀՀ դատավորների միության դիրքորոշումը, և քննարկումների ժամանակ բարձրաձայնվել են Ադրբեջանի դատական համակարգի անկախության բացակայության, դատական համակարգի նկատմամբ քաղաքական լիակատար վերահսկողության, մարդու իրավունքների կոպիտ խախտումների, խոշտանգումների, պատերազմական հանցագործությունների, դատական համակարգի կոռումպացվածության, քաղաքական հետապնդումների, իրավապաշտպանների նկատմամբ ճնշումների և միջազգային հեղինակավոր կազմակերպությունների եզրակացությունների վերաբերյալ հարցերը։
Փաստարկված կերպով բարձրաձայնվել է, որ ոչ միայն դատական համակարգը, այլև նույնիսկ այդ պետության դատավորների միությունն է գտնվում քաղաքական իշխանության ուղղակի ազդեցության տակ։ Ոչ միայն չի գործում անկախ դատական համակարգ, այլև գեթ մեկ անկախ դատավոր չկա։
Այս համատեքստում, ադրբեջանական բանտերում և դատարաններում գտնվող հայ գերիների (Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և մյուսների) նկատմամբ իրականացվող խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի մասին հավաստի հաղորդումներն ու փաստարկներն ավելի են խորացնում և հաստատում բարձրաձայնված մտահոգությունները։
Մասնավորապես, հայ ռազմագերիների միջազգայնորեն ճանաչված իրավունքների, այդ թվում՝ արդար դատաքննության իրավունքի կոպիտ խախտումներն այնպիսի ծավալների են հասել, որ նվազագույն արդարադատության ակնկալիքը բացակայում է։
Ի հավելումն, արդեն իսկ փաստագրված են խոշտանգումների և դաժան, անմարդկային վերաբերմունքի մասին հաղորդումները։
ՀՀ դատավորների միությունը շարունակելու է հետևողականորեն բարձրաձայնել այս խնդիրները միջազգային գործընկերների շրջանակում և հղել հասցեական հարցադրումներ՝ նպատակ ունենալով ապահովել արդարադատության և մարդու իրավունքների պաշտպանությունը։