Մեր մասին

«ՀՀ դատավորների միություն» հասարակական կազմակերպությունը (այսուհետ՝ Միություն) հիմնադրվել է 1997 թվականի ապրիլին։ Միության անդամները ՀՀ բոլոր ատյանների դատարանների դատավորներն են։

1997-2003 թվականներին Միության նախագահն էր ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը (Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին դատավոր)։

2003-2017 թվականներին Միության նախագահն էր Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանը։

2017 -2020 թվականներին Միության նախագահն էր ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ, ՀՀ վաստակավոր իրավաբան Երվանդ Խունդկարյանը:

Միության ստեղծման առաջին իսկ օրերից հրատարակվել է «Դատական իշխանություն» (նախկինում` «Օրինաթերթ») գիտամեթոդական ամսագիրը։ Իրավական ուղղվածություն ունեցող լրատվամիջոցներից «Դատական իշխանությունն» առաջինն էր, որն անդրադարձավ դատական պրակտիկային։

2004 թվականից «Դատական իշխանություն» ամսագիրն ընդգրկվել է թեկնածուական ատենախոսությունների արդյունքների տպագրման համար ընդունելի ամսագրերի՝ ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի հաստատած ցանկում։ Ամսագիրը լույս է տեսնում կայուն պարբերականությամբ։ Ամսագրում հանդես են գալիս պրակտիկ իրավաբաններ, շնորհալի երիտասարդներ, որոնք հավակնում են լրացնել հանրապետության իրավաբան-գիտնականների շարքերը։

«Դատական իշխանությունը» եզակի ամսագրերից է, որում հանդես են գալիս առավելապես հայ դատավորներն իրենց գիտական հոդվածներով՝ նվիրված իրավունքի տարբեր ճյուղերի տեսական և գործնական հիմնախնդիրներին։ Ամսագրի գիտական խմբագրական խորհրդի նախագահը ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ, ՀՀ վաստակավոր իրավաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լիլիթ Թադևոսյանն է: Խորհրդի կազմում ընդգրկված են տասնյոթ իրավաբաններ՝ ՀՀ տարբեր ատյանի դատարանների դատավորներ, իրավաբան-գիտնականներ: 2018-2026 թվականներին ամսագրի գլխավոր խմբագիրը ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի պրոֆեսոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Ենգիբարյանն էր։ 2026 թվականից մինչև օրս ամսագրի գլխավոր խմբագիրն է ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության գլխավոր մասնագետ, Ռուս-Հայկական համալսարանի իրավունքի ինստիտուտի քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Վարազդատ Սուքիասյանը։

Ամսագիրն առանձին բաժիններում պարբերաբար անդրադառնում է դատական համակարգի, դատական պրակտիկայի, առևտրային, միջազգային, սահմանադրական, քաղաքացիական, քաղաքացիադատավարական, քրեական, քրեադատավարական իրավունքների, մինչդատական վարույթի դատական վերահսկողության և բազմաթիվ այլ իրավական հիմնահարցերի։

Քրեական և քաղաքացիական դատավարությունների, քրեական և քաղաքացիական նոր օրենսգրքերի և այլ օրենսդրությունների ընդունումից հետո անհրաժեշտություն առաջացավ մշտապես գիտականորեն մեկնաբանել նշված օրենքների նորմերը։ Լինելով Դատավորների միության միակ պարբերականը` այն տպագրել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդի և ՀՀ վճռաբեկ դատարանի երկու պալատների նախադեպային նշանակություն ունեցող որոշումները։ Ամսագրում լուսաբանվում են նաև հիշարժան իրադարձություններ, այդ թվում՝ դատավորների ծննդյան, պարգևատրումների, կոչումների շնորհման վերաբերյալ իրադարձությունները և այլ:

Արդեն ավանդույթ է դարձել ամսագրում վաստակի գնահատման տարելիցների և թոշակի անցնող դատավորների մեծարման երեկույթների, շնորհավորական ուղերձների ներկայացումը։ 2018 թվականից ամսագրում որպես նորամուծություն առանձին խորագրով նախատեսվել է հայերեն լեզվով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումների, ինչպես նաև նախադեպային պրակտիկայի վերջին զարգացումների լուսաբանումը:

Միության գրասենյակում անցկացվում են Միության խորհրդի նիստերը, այլ հանդիսավոր արարողություններ, միջոցառումներ: Ներկայումս Միության խորհուրդն ունի ինն անդամ, ովքեր ընդգրկված են Միության խորհրդի տարբեր ենթահանձնաժողովներում: Միության խորհուրդն ունի իր գործունեության կանոնակարգը, որը հաստատվել է Միության խորհրդի 31.07.2017 թվականի որոշմամբ:

Միության խորհրդի նիստերում քննարկվում են դատական համակարգի ու դատավորների իրավունքների պաշտպանության վերաբերյալ տարբեր հարցեր և ընդունվում համապատասխան որոշումներ։

Դատավորների իրավունքների պաշտպանության նպատակով տարբեր տարիներին Միության խորհուրդը զանգվածային լրատվամիջոցներով դատարանների գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ հանդես է եկել պատասխան հայտարարություններով:

2005 թվականի նոյեմբերի 19-24-ը Ուրուգվայի Արևելյան Հանրապետության մայրաքաղաք Մոնտեվիդեոյում կայացած Դատավորների միջազգային միության 48-րդ համաժողովի օրակարգում ընդգրկված էր նաև ՀՀ դատավորների միության անդամակցության հարցը։ ՀՀ դատավորների միությունը 2004 թվականի մարտին դիմել էր անդամակցելու խնդրանքով` ցանկություն հայտնելով լինել Դատավորների միջազգային միության լիիրավ անդամ։ ՀՀ դատավորների միության անդամակցության հարցը քննվել էր Հռոմում` Միության կենտրոնական խորհրդում և որոշվել էր ՀՀ դատավորների միության պատվիրակությանը հրավիրել 48-րդ համաժողովին։ Հայաստանից Մոնտեվիդեո մեկնեցին ՀՀ դատավորների միության նախագահ Հրաչիկ Սարգսյանն ու ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը։

Համաժողովի նոյեմբերի 23-ի նիստում Դատավորների միջազգային միության ընդհանուր քարտուղարի տեղակալ, Թուրինի քաղաքային դատարանի դատավոր Ջակոմո Օբերտոն համաժողովի մասնակիցների` աշխարհի տարբեր երկրներից ժամանած ավելի քան 200 դատավորների դատին ներկայացրեց ՀՀ դատավորների միության դիմումը։ Համաժողովը միակարծիք էր, և ՀՀ դատավորների միությունը դարձավ միջազգային կազմակերպության 68-րդ անդամը։

2007 թվականի սեպտեմբերին Նորվեգիայի Թրոնդհեյմ քաղաքում տեղի ունեցավ Դատավորների միջազգային միության հոբելյանական 50-րդ տարեկան համաժողովը, որին մասնակցում էր նաև Հայաստանի Հանրապետության դատավորների միության պատվիրակությունը։

Դատավորների միջազգային միության կանոնադրության համաձայն` տարեկան ժողովում ի թիվս այլ հարցերի քննարկվում է նաև հաջորդ տարեկան ժողովի անցկացման վայրի ընտրության հարցը։

2008 թվականի տարեկան ընդհանուր ժողովն անցկացնելու համար հայտ էին ներկայացրել Հայաստանի Հանրապետության, Իսպանիայի, Ռումինիայի, Մարոկկոյի և Ղազախստանի դատավորների միությունները։ Նախագահական կոմիտեում նախնական հայտերի ուսումնասիրման արդյունքում որպես 2008 թվականի թեկնածու անդամներ կենտրոնական խորհուրդ ներկայացվեցին Հայաստանի Հանրապետության, Իսպանիայի և Ռումինիայի դատավորների միությունները։ Կենտրոնական խորհուրդը, քննարկելով երեք երկրների առաջարկները, փակ գաղտնի քվեարկությամբ 2008 թվականի տարեկան ընդհանուր ժողովի կազմակերպման վայր, հյուրընկալող երկիր ընտրեց Հայաստանի Հանրապետությունը։

Այսպիսով, առաջին անգամ ողջ տարածաշրջանում և ԱՊՀ տարածքում 2008 թվականի սեպտեմբերի 7-11-ը Հայաստանում տեղի ունեցավ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԱՐԵԿԱՆ 51-ՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ, որին մասնակցում էին աշխարհի 53 երկրներից Հայաստան ժամանած ավելի քան 216 դատավորներ:

Ավելի քան 20-ամյա գործունեության ընթացքում Միությունը կազմակերպել է մի քանի տասնյակ կոնֆերանսներ, կլոր սեղաններ, թեմատիկ քննարկումներ և հրատարակել ավելի քան 200 անուն գրականություն՝ հիմնականում գիտագործնական ձեռնարկներ:

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
(Նոր խմբագրությամբ)

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ»
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

Ներբեռնել կանոնադրությունը (.doc)

1. օժանդակել դատավորների իրավունքների, ազատությունների, պատվի և արժանապատվության պաշտպանությանը, ինչպես նաև նրանց անվտանգության ապահովմանը.

2. աջակցել դատական իշխանության և դատավորների անկախության և հեղինակության բարձրացմանը, անկախ դատական իշխանության զարգացմանը.

3. նպաստել դատական իշխանության առաքելության հանրային ընկալման մակարդակի բարձրացմանը, դատական իշխանության և դատավորների նկատմամբ հասարակության վստահության ամրապնդմանը, իրավունքի գերակայության երաշխավորմանը.

4. օժանդակել Միության անդամների վերապատրաստմանը, որակավորման բարձրացմանը և մասնագիտական փորձի փոխանակմանը՝ կոնֆերանսների, սեմինարների և իրավաբանների մասնագիտական այլ հավաքների կազմակերպման միջոցով.

5. մասնակցել իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքներին.

6. ապահովել ներպետական, միջազգային և օտարերկրյա կառույցների, այդ թվում՝ արտասահմանյան երկրների դատավորների միությունների և դատավորների միջազգային միությունների, ուսումնական հաստատությունների, իրավագիտության բնագավառի հրատարակչական կազմակերպությունների հետ կապը և համագործակցությունը.

7. հրատարակել պարբերականներ, աջակցել իրավագիտության ոլորտի գիտական աշխատությունների, ինչպես նաև իրավաբանական գրականության հրատարակմանը և տարածմանը.

8. նպաստել Միության անդամների ոչ մասնագիտական բնույթի, այն է՝ տարաբնույթ մշակութային և ժամանցային միջոցառումների կազմակերպմանը:

Միության կառուցվածքային մարմիններն են`

  1. Ընդհանուր ժողովը, որը կազմակերպության կառավարման բարձրագույն մարմինն է:
  2. Խորհուրդը, որն իրականացնում է ընթացիկ ղեկավարումը:
  3. Նախագահը, որը միաժամանակ Խորհրդի նախագահն է:
  4. Փոխնախագահները, որոնք ղեկավարում են իրենց բնագավառները և նախագահի բացակայության դեպքում փոխարինում նրան:
  5. Գործադիր տնօրենը, որն իրականացնում է Միության ընթացիկ գործադիր ղեկավարումը:
  6. Վերահսկիչ հանձնաժողովը, որը վերահսկում է Միության ֆինանսատնտեսական գործունեությունը։

ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ալեքսանդր Ազարյան

ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ

Արթուր Ստեփանյան

ՀՀ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ

  • Արման Դիլանյան - ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ
  • Ռուզաննա Հակոբյան - ՀՀ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր
  • Հարություն Ենոքյան - ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր
  • Նորա Կարապետյան - ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր
  • Արսեն Բաբայան - ՀՀ սնանկության դատարանի դատավոր
  • Արշակ Վարդանյան - ՀՀ դատավորների միության անդամ

Որպես հասարակական կազմակերպություն՝ Միությունն ակտիվորեն համագործակցում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների ու կառույցների հետ: Բացի այդ, Միությունն իր կանոնադրության շրջանակներում համագործակցում է նաև Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

Միությունը տեղական ու միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ իր համագործակցությունը սկսել է «Դատական իշխանություն» (նախկինում` «Օրինաթերթ») գիտամեթոդական ամսագրի հրատարակման շրջանակներում։ Ամսագրի տպագրությանը շարունակ օժանդակություն են ցուցաբերել միջազգային տարբեր կազմակերպություններ։ Ամսագիրը երկար ժամանակ հրատարակվել է ABA/CEELI Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան գրասենյակի (այժմ` ABA/ROLI) աջակցությամբ: Այնուհետև, համագործակցությունը շարունակվել է ՄԱԿ-ի Անդրկովկասում թմրամիջոցների դեմ պայքարի, Բեարինգ Փոյնթ ԱՄՆ ՄԶԳ տնտեսական կարգավորման ծրագրերի հետ, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR), Միջազգային համագործակցության գերմանական ընկերության (GIZ) հետ։

Ներկայումս «Դատական իշխանություն» ամսագիրը տպագրվում է Միության ֆինանսական միջոցներով:

Եվրոպայի խորհրդի և Միության ջանքերով հրատարակվել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հայերեն թարգմանությամբ թվով ինը ժողովածուները:

Եվրոպայի խորհրդի հետ համատեղ ծրագրի արդյունքում վերջին տարիներին հրատարակվել են նաև Եվրոպական կոնվենցիայի 5-րդ, 6-րդ, 9-րդ, թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածներին նվիրված աշխատությունները, «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի տերմինների անգլերեն-հայերեն, հայերեն-անգլերեն բառարան», «Մարդու իրավունքների ձեռնարկ դատախազների համար» գրքերը և այլն:

Եվրոպական իրավունքի թեմաներով կազմակերպվել են նաև սեմինար-դասընթացներ Հայաստանի Հանրապետության դատավորների համար:

Այժմ շարունակվում է համագործակցությունը և նախատեսվում է տարբեր միջոցառումների կազմակերպում` նվիրված Եվրոպական կոնվենցիայի տարբեր հոդվածներին, ինչպես նաև Եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայի հիմնախնդիրներին:

Միությունն իր կանոնադրական խնդիրների իրականացման նպատակով իրավական հարցերով ազգաբնակչության իրազեկության ապահովման, հասարակության շրջանում դատական համակարգի հեղինակության բարձրացման և վստահության ամրապնդման համար ABA/CEELI Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան գրասենյակի օժանդակությամբ 2002 թվականին հրատարակեց ընտանեկան գրադարանի տասը հատորյակը։

2005 թվականին Միությունը ABA/CEELI Ամերիկյան իրավաբանների ընկերակցության հայաստանյան գրասենյակի աջակցությամբ հրատարակեց ՀՀ դատավորի վարքագծի կանոնագիրքը։ 2007 թվականին ՀՀ դատարանների նախագահների խորհրդի էթիկայի հանձնաժողովի և ՀՀ դատավորների միության խորհրդի համատեղ որոշմամբ հրատարակվեցին ՀՀ դատավորի վարքագծի կանոնագրքի մեկնաբանությունները, որի շնորհանդեսը տեղի ունեցավ 2007 թվականի հուլիսի 25-ին:

Բեարինգ Փոյնթ ԱՄՆ ՄԶԳ տնտեսական կարգավորման ծրագրի հետ համագործակցության արդյունքում հրատարակվեց և Միության անդամներին անվճար բաժանվեց «Բաժնետիրական իրավունք» ձեռնարկը, ՀՀ տնտեսական դատարանի վճիռների և որոշումների ժողովածուի երկրորդ հատորը։

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Կլոր սեղան հիմնադրամի հետ համագործակցության արդյունքում հրատարակվեցին «Դավանանքի իրավունք», «Կրթության իրավունք», «Արդարադատության մատչելիություն» և իրավական այլ թեմաներով ավելի քան 10 ձեռնարկները: Միավորված ազգերի կազմակերպության փախստականների գծով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) «ՀՀ-ում ապաստանի տրամադրման համակարգի որակի բարելավում. Դատական համակարգում ներգրավվածության ռազմավարություն» ծրագրի և «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում հրատարակվել են «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների ժողովածու»-ի 10-րդ հատորը, ինչպես նաև «Հանձնման (էքստրադիցիայի) ինստիտուտի միջազգային իրավական և ներպետական հիմնախնդիրները» գիտագործնական վերլուծությունը:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համագործակցության շրջանակներում հրատարակվել են բազմաթիվ աշխատանքներ, այդ թվում՝ «Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության իրավական, տեսական և գործնական հիմքերը, ժամանակակից զարգացումներն ու կատարելագործման ուղիները», «Քրեական գործերով իրավական օգնության արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» աշխատանքները, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի որոշումների գիտագործնական մեկնաբանությունների 1-ին և 2-րդ հատորները: 2017 թվականին Միությունը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի որոշումների գիտագործնական մեկնաբանությունների 3-րդ հատորի հրատարակմանը:

ՀՀ դատավորների միությունը տարբեր կազմակերպությունների ու կառույցների հետ համագործակցության շրջանակներում ակտիվ մասնակցություն է ունենում նաև օրենքների նախագծերի քննարկմանը և ներկայացնում է համապատասխան առաջարկություններ, որոնց հիմնական մասն օրենսդիր մարմնի կողմից ընդունվում են։ Այդ նպատակով կազմակերպվում են սեմինարներ, գիտաժողովներ, քննարկումներ։

Ներկայումս բանակցությունների արդյունքում համագործակցության նոր ուղիներ են մշակվել ՀՀ արդարադատության ակադեմիայի հետ:

ՀՀ դատավորների միությունն ակտիվ համագործակցում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի, ՀՀ իրավաբանների միության, ՀՀ փաստաբանների պալատի հետ:

2008 թվականից ՀՀ դատավորների միությունը դարձավ Դատավորների միջազգային միության լիիրավ անդամ, որը բարձրացրեց ՀՀ դատավորների միության միջազգային վարկանիշը և ընդլայնեց միության միջազգային կապերը: Այդ է փաստում նաև այն, որ Դատավորների միջազգային միության 51-րդ տարեկան համաժողովը կազմակերպվեց Հայաստանում, որը տարածաշրջանում եզակի երևույթ էր:

2017 թվականին Միության նախագահ Ե. Խունդկարյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած այցի շրջանակներում հանդիպել է Գերմանիայի դատավորների միության նախագահ Ենս Գնիզայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների դատավորների միությունների կազմավորման ու գործունեության առանձնահատկությունները, ինչպես նաև երկու երկրների դատավորների միությունների համագործակցության հեռանկարները:

Սերտ կապեր են հաստատվել Կին դատավորների միջազգային միության հետ և արդյունքում 2018 թվականին մայիսի 2-8-ը երեք դատավորներ գործուղվել են «Կամուրջների կառուցում աշխարհի կին դատավորների միջև» թեմայով 14-րդ երկամյա միջազգային համաժողովին, որը տեղի է ունեցել Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում:

Առաջիկայում նախատեսվում է ընդլայնել համագործակցությունն այլ կառույցների հետ` նախադեպային, եվրոպական, առևտրային, հեղինակային և իրավունքի մյուս ճյուղերով նոր ծրագրեր իրականացնելու ուղղությամբ` նպատակ ունենալով աջակցել նշված ոլորտներում դատական պրակտիկայի բարելավմանը։ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հետ 2017-2018 թվականների համագործակցության արդյունքում ժամականակակից նորագույն տեղեկատվական լուծումներին համապատասխան մոդիֆիկացվել և վերագործարկվել է Միության պաշտոնական ինտերնետային կայքէջը:

  • «Հայաստանի Հանրապետության դատավորների միություն» հասարակական կազմակերպության 2025 թ. գործունեության մասին Ներբեռնել
  • «Հայաստանի Հանրապետության դատավորների միություն» հասարակական կազմակերպության 2024 թ. գործունեության մասին Ներբեռնել
  • «Հայաստանի Հանրապետության դատավորների միություն» հասարակական կազմակերպության 2023 թ. գործունեության մասին Ներբեռնել
  • «Հայաստանի Հանրապետության դատավորների միություն» հասարակական կազմակերպության 2022 թ. գործունեության մասին Ներբեռնել
  • «Հայաստանի Հանրապետության դատավորների միություն» հասարակական կազմակերպության 2021 թ. գործունեության մասին Ներբեռնել
  • «Հայաստանի Հանրապետության դատավորների միություն» հասարակական կազմակերպության 2020 թ. գործունեության մասին Ներբեռնել