Հարցաշարը մշակելու նպատակով նախկինում եւս մի քանի հանդիպումներ են եղել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի հետ: Համատեղ քննարկումների արդյունքում հարցերը կազմվել են այնպես, որ հստակեցվի՝ մասնագիտական ինչ վերապատրաստումների անհրաժեշտություն ունեն դատավորները, ինչ առաջնահերթություններ կան քրեական, քաղաքացիական եւ վարչական դատավարության ոլորտներում, ինչպես նաեւ վերադաս ատյաններում:
Համակարգի կարիքների թվում Երվանդ Խունդկարյանը առանձնացրել է հատկապես դատավորների ծանրաբեռնվածության խնդիրը:
ՀԲ մասնագետների հետ քննարկել են Բարձրագույն դատական ատյանի՝ Վճռաբեկ դատարանի, առանցքային դերը արդարադատության համակարգի արդյունավետության գործում, անդրադարձել վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու միջազգային փորձին, նախադեպային որոշումներ կայացնելու պրակտիկային:
Երվանդ Խունդկարյանը նաեւ կարեւորել է հասարակության շրջանում դատավորների հեղինակության բարձրացման հարցը, դատարաններում մամուլի պատասխանատուներ ունենալու անհրաժեշտությունը՝ լրատվամիջոցների հետ շփումը մասնագիտորեն կազմակերպելու նպատակով:
Համաշխարհային բանկի արդարադատության բարեփոխումների բաժնի մասնագետ Եվա Միլիսը տեղեկացրել է, որ հարցաշարը թարգմանության փուլում է։ Հետադարձ կապով կհստակեցնեն հասկացությունների ճիշտ թարգմանությունն ու մեկնաբանումը, ինչը մայիսին կքննարկեն աշխատաժողովում։ Միլիսը ներկայացրել է նաև վերլուծության մեթոդաբանությունը։