Դատարան հասած վեճերի թիվը ամեն տարի մոտ 30 տոկոսով ավելանում է, մինչդեռ դատավորների թիվը մնում է նույնը:
«Կա՞ աշխատանք, որտեղ գերծանրաբեռնվածությունը արդյունավետության վրա չազդի: Նույնիսկ երբ մարդն ամեն ինչ անում է, որպեսզի աշխատանքը պատշաճ իրականացնի, արդյունքում առաջանում է գերհոգնածության, իսկ դա չի կարող չազդել որակի վրա»,-նկատում է դատավորը:
ԵԽ զեկույցի համաձայն՝ Հայաստանում 100 հազար բնակչի հաշվով մոտ 8 դատավոր կա, այնինչ Եվրոպայում միջին ցուցանիշը 21-ն է:
[youtube url="https://youtu.be/4s5KuQbH64A" width="800" height="500" responsive="no"]
Նորա Կարապետյանի համոզմամբ՝ մշակույթը, կրթությունն ու արդարադատությունը այն ոլորտներն են, որտեղ պետությունը չպետք է խնայի, որովհետեւ եթե ունենանք օրենքի գերակայություն եւ կրթյալ հասարակություն, կունենանք նաեւ կայուն և զարգացող երկիր:
«Ընտանիքի, հանգստի համար նախատեսված ժամանակի հաշվին փորձում ենք ամեն ինչ անել, որպեսզի այդ ծանրաբեռնվածության տակից դուրս գանք: Առայժմ ստացվում է, բայց երբ կոլեգաների հետ խոսում ենք, հասկանում ենք, որ դա վերջին ճիգերի հաշվին է: Եթե տեմպը շարունակվի, իրական վտանգ կունենանք»,-ասում է Նորա Կարապետյանը:
Նա աշխատանքային ժամերից բացի դատական ակտերի վրա աշխատում է նաեւ գիշերը, երբ երեխաները քնած են, որովհետեւ աշխատանքային ժամերով սահմանափակվելու պարագայում հնարավոր է տուժի ակտի որակը, իսկ դատավորի համար, ասում է, խոսելու միակ հնարավորությունը իր դատական ակտերն են:
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը խոստանում է մյուս տարի իրենց ծրագրերում ներառել դատավորների թիվը մեծացնելու հանձնառությունը, սակայն դա պայմանավորում է տնտեսական հեղափոխությամբ եւ բյուջեի մուտքերի ավելացմամբ:
Նորա Կարապետյանն ասում է՝ արդարադատության վրա գումար խնայել պետք չէ, ծանրաբեռնվածությունից տուժում է ողջամիտ ժամկետում գործի քննությունը. «Հիմա ավելի լավ է այս պահին մենք խնդիրը լուծեն՞ք, թե՞ գնա Եվրոպական դատարան, Եվրոպական դատարանը Հայաստանին տուգանի, հետո այդ գումարները, որ պիտի հաստիքի համար հատկացնեինք, վճարենք որպես տուգանք, բայց միևնույն է՝ խնդիրը շարունակի մնալ»:
Նա համաձայն չէ կարծիքների հետ, թե առանց դատավորների թիվն ավելացնելու հնարավոր է այլ միջոցներով հարցը լուծել, քանի որ որեւէ այդպիսի եղանակ առայժմ չի տեսնում: Համոզված է՝ այլ մեթոդներ կարելի է կիրառել, բայց առանց դատավորների քանակն ավելացնելու խնդիրը չի լուծվի: