Համագործակցության հիմնական նպատակը ՀՀ արդարադատության համակարգում եվրոպական չափորոշիչների տեղայնացումն է: Դատավորների և դատական ծառայողների հմտությունների կատարելագործման նպատակով առաջարկվել է օժանդակել որոշակի ձեռնարկների տպագրությանը, կազմակերպել դասընթացներ եւ սեմինարներ, վերապատրաստել դասընթացավարների, աջակցել էլեկտրոնային արդարադատության լիարժեք ծավալով ներդրմանը, նպաստել դատարանները անհրաժեշտ գույքով եւ մասնագիտական գրականությամբ հագեցնելուն, կազմակերպել դատավորների և դատական ծառայողների փորձի փոխանակման ծրագրեր:
Երվանդ Խունդկարյանն ընդգծել է հետեւյալ առաջնահերթությունները.
- Դատական վարույթի վերաբացման խնդիրը՝ իբրեւ խնդրահարույց, եւ հիմնականում քաղաքացիական դատավարությունների ժամանակ,
- ՄԻԵԴ 16-րդ արձանագրության շրջանակներում Վճռաբեկ դատարանի հետ համագործակցության անհրաժեշտությունը եւ այն գործերը, որոնցով Վճռաբեկ դատարանը կարող է դիմել ՄԻԵԴ՝ խորհրդատվություն ստանալու համար,
- Հասարակության հետ դատավորների հաղորդակցությունը այնպիսի մասնագիտացված ծառայությունների միջոցով, ինչպիսիք են մամուլի քարտուղարները,
- Պառլամենտական համակարգ ունեցող երկրներում իշխանության օրենսդիր, գործադիր եւ դատական ճյուղերի միջեւ հարաբերությունները,
- Դատավորների ծանրաբեռնվածության հետ կապված հիմնահարցերը եւ դատական վարույթի տեւողությունը:
Պրն. Ջիակումոպուլոսը վերահաստել Եվրախորհրդի պատրաստակամությունը՝ համագործակցելու Վճռաբեկ դատարանի հետ նշված բոլոր ուղղություններով՝ ընթացիկ ծրագրի շրջանակում:
Երվանդ Խունդկարյանը կարևորել է արդեն կատարված աշխատանքը՝ ընդգծելով հատկապես Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի փաստաթղթերի ժողովածուի հայերեն թարգմանությունը, «Դատավորի էթիկայի կանոնների» փորձաքննությունը, ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի 2017 թ տարեկան հաշվետվության եւ որոշումների ընտրանու տպագրությունը: ԵԽ հետ գործակցությամբ կազմակերպվել են նաեւ թեմատիկ կլոր-սեղան քննարկումներ՝ լրագրողների եւ փաստաբանների հետ դատավորների փոխհարաբերությունների թեմաներով, ՀՀ դատարանների նախագահները Եվրոպայի խորհրդում մասնագիտական հանդիպումներ եւ քննարկումներ են անցկացրել:
ՀՀ դատավորների միությունը Եվրոպայի խորհրդի հետ համատեղ ծրագրեր է իրականացնում 2003 թվականից: Դրանք ընդգրկում են 3 հիմնական ուղղություն. ՄԻԵԴ նախադեպային պրակտիկայի վերաբերյալ հրատարակությունների պատրաստում եւ տպագրում, Եվրոպական կոնվենցիայի տարբեր հոդվածներով թեմատիկ սեմինարների, կլոր սեղանների կազմակերպում, փոխայցելություններ:
Ներկա մարտահրավերներն են հանրության շրջանում դատավորների հեղինակության բարձրացմանն ուղղված ջանքերը, դատավորի մասնագիտության՝ առավել գրավիչ դարձնելու, սոցիալական երաշխիքների ավելացման ուղղությամբ քայլերին նպաստելը: