ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը թիվ ԵԱԴԴ/0150/02/12 գործով անդրադարձ է կատարել սնանկ ճանաչված պարտապանի գույքի կազմը որոշելու առանձնահատկություններին մինչև 15.04.2020թ. գործող և 15.04.2020թ.-ից գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի կարգավորումների

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը լուծել է թիվ ԵԱԴԴ/0150/02/12 գործի ենթակայության հարցը: ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը, մասնավորապես, արձանագրել է, որ պարտապանի գույքի կազմում ներառման ենթակա գույքի շրջանակը հստակ սահմանված է մինչև 15.04.2020 թվականը (մինչև թիվ ՀՕ-294-Ն օրենքի ուժի մեջ մտնելը) գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ կարգավորումը որոշակի փոփոխությունների է ենթարկվել 15.04.2020թ. ուժի մեջ մտած՝ 12.12.2019թ. թիվ ՀՕ-294-Ն օրենքով: Մասնավորապես՝ մինչև 15.04.2020 թվականը (մինչև 12.12.2019թ. թիվ ՀՕ-294-Ն օրենքի ուժի մեջ մտնելը) գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «պարտապանի գույքի կազմում է ներառվում պարտապանին պատկանող ցանկացած գույք, իրավունք կամ այլ ակտիվ, ներառյալ` մտավոր սեփականության օբյեկտ: Ի ապահովումն պարտապանի` սույն օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված մորատորիում չտարածելու մասին դատարանին ծանուցած ապահովված իրավունքով պարտատիրոջ առջև ստանձնած պարտավորության համար ապահովված իրավունքի առարկան (այդ թվում` երրորդ անձին պատկանող) չի ընդգրկվում պարտապանի գույքի կազմում, բացառությամբ դրա իրացումից ստացված միջոցների, որոնք պարտապանի գույքի կազմում են ընդգրկվում սույն օրենքի 43-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքում»:

15.04.2020թ. ուժի մեջ մտած՝ 12.12.2019թ. թիվ ՀՕ-294-Ն օրենքի խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «պարտապանի գույքի կազմում է ներառվում պարտապանին պատկանող ցանկացած գույք, իրավունք կամ այլ ակտիվ, ներառյալ` մտավոր սեփականության օբյեկտ կամ այլ գույքային իրավունքներ, ինչպես նաև երրորդ անձին պատկանող ապահովված իրավունքի առարկաները: Ապահովված իրավունքի այն առարկան (այդ թվում` երրորդ անձին պատկանող), որի վերաբերյալ դատարանը սույն օրենքի 39.2-րդ հոդվածով սահմանված կարգով ընդունել է ապահովված պարտատիրոջ պահանջի չափը հաստատելու և ապահովված իրավունքի առարկայի իրացում թույլատրելու մասին որոշում, չի ընդգրկվում պարտապանի գույքի կազմում, բացառությամբ դրա իրացումից ստացված միջոցների, որոնք պարտապանի գույքի կազմում ընդգրկվում են սույն օրենքի 43-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքում»:

ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահն ընդգծել է, որ 15.04.2020թ.-ից ուժի մեջ մտած՝ 12.12.2019թ. թիվ ՀՕ-294-Ն օրենքի խմբագրությամբ «Սնանկության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասում ընդլայնվել է պարտապանի գույքի կազմում ներառման ենթակա գույքի կազմի շրջանակը, այդ թվում՝ երրորդ անձին պատկանող ապահովված իրավունքի առարկաների ներառման ենթակա լինելու առումով:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահն արձանագրել է, որ բոլոր այն դեպքերում, երբ քաղաքացիական գործում առկա ապացույցով ուղղակիորեն հիմնավորվում է վիճելի գույքի՝ սնանկ ճանաչված պարտապանին պատկանելիության փաստը, իսկ Սնանկության դատարանը, բացառելով վեճի առարկա գույքի՝ պարտապանի գույքային զանգվածի մեջ ներառված լինելու հանգամանքը, որևէ հիմնավորում չի ներկայացնում այդ կապակցությամբ, ինչպես նաև գործում առկա չէ հակառակ փաստը հիմնավորող որևէ ապացույց, ապա «Սնանկության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նշված գույքը պարտապանի գույքի կազմում ներառելու հիմք է:

Ստորև ներկայացվում է որոշման հղումը՝ http://court.am/storage/uploads/files/service-page/45V4jERZ4DwX7CkLrp90ooiubg40EAsfI7QeEpIx.pdf :