ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանն ընդգծեց նմանաբնույթ մրցույթների անցկացման կարևորությունը՝ փաստելով, որ այս ձևաչափով մրցույթների անցկացումը յուրօրինակ խթան է ուսանողների համար իրենց մասնագիտական կարողությունները զարգացնելու, գիտելիքները հրապարակային բանավեճի ընթացքում ներկայացնելու, նոր գիտելիքներ և կարողություններ ձեռք բերելու համար:
Դատախաղի ժյուրիի կազմը ներկայացուցչական էր` ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Համլետ Ասատրյան, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, իրավ. գիտ. թեկնածու Դավիթ Մելքոնյան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մերի Ալավերդյան, քրեական գործերով մասնագիտացված փաստաբան Միրիամ Զիֆրիթց և Քյոլնի երկրամասային դատարանի նախագահող դատավոր և թիվ 15 քրեական մեծ պալատի նախագահ պրոֆ. դր. Յան Ֆ. Օրթ:
Եզրափակիչ փուլի արդյունքներն ամփոփելուց հետո ժյուրիի անդամ Միրիամ Զիֆրիթցը հայտարարեց, որ առավելագույն միավորներ է հավաքել և լավագույնն է ճանաչվել Երևանի պետական համալսարանի «ԵՊՀ-1» թիմը:
Դատախաղի կազմակերպիչների և իրավական հանրությունը ներկայացնող տարբեր կառույցների և պաշտոնատար անձանց կողմից մրցույթի մասնակիցների համար նախատեսվել էին մրցանակներ:
ՀՀ դատավորների միության կողմից սահմանված «ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների նշանակության կարևորման և լավագույն կիրառման համար» մրցանակը՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 2016 և 2017 թվականների որոշումների ժողովածուները և հաշվետվությունները, ժյուրիի որոշմամբ միության գործադիր տնօրեն Վահե Ենգիբարյանը հանձնեց Գավառի պետական համալսարանի «Նաիրի» թիմին, իսկ «Իրենց դիրքորոշումներում առավել ինքնատիպ լուծումներ առաջարկած թիմ» անվանակարգում մրցանակը՝ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի «Ավրորա» թիմին:
